Լրահոս
Հայաստան
12:50
09.01.21
65

«Ռուբինյանը պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է»․ «Իմ քայլը» լքած պատգամավոր

Img default alt hy

Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

 Սակայն, Աթաբեկյանի խոսքով, մինչև այդ պատվին արժանանալը՝ Ռուբինյանը երկու հարցի պետք է պատասխանի։

«Առաջին՝ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ու մոտ 15 անձանց շատ վատ վարքը իմ տան հանդեպ, որոնք անթույլատրելի կերպով ներխուժել են իմ տուն։ Իրեն որպես լավ պատգամավոր հռչակած Ռուբեն Ռուբինյանը թող բարի լինի դրա բացատրությունը տա, թե ինչ վարքագիծ էր, ու դրան ինքն ինչ գնահատական է տալիս։ Եվ երկրորդ՝ թող իր հանձնաժողովի բոլոր անդամներին վերցնի, ես բոլոր ծախսերը կանեմ, կգնանք, կկանգնենք Արցախի հրապարակում, թող ինքը բարձր գոռա, որ Արցախը Հայաստան է, տեսնենք՝ մեր սկզբունքները փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ինքն այդ հարցերին կպատասխանի, այդ քայլերը կանի, դրանից հետո ես իրեն կհրավիրեմ իմ ընտրողների հետ հանդիպման, իրեն կբացատրեն, թե ես ինչ հիմքով եմ շարունակում պատգամավոր մնալ ու թե ում ձայների շնորհիվ եմ դարձել պատգամավոր»,-ասաց Աթաբեկյանը։