Լրահոս
Քաղաքական
23:11
24.06.26
162

ՔԿ-ի հայտարարությունն իրականության հետ աղերս չունի․ սա հերթական քաղաքական հետապնդումն է․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ըստ էության ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու մեջ։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` իր դեմ հարուցված քրեական վարույթի մասին։

«Ուրեմն, երեկ իմ բնակարանը խուզարկելուց հետո քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն հետևյալ բովանդակությամբ։ Ընդամենը վերնագիրն եմ ընթերցում ձեր համար, որ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու առթիվ նախաձեռնել քրեական վարույթ։

Եթե ամենամեղմ կերպով ձևակերպեմ, այս բովանդակության քննչականի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Ինչի՞․ նախ, ես արգելանքի տակ գտնվող որևէ գույքի նկատմամբ որևէ գործողություն չեմ արել, և դա փաստ է։ Այսինքն՝ գույքը արգելանքի տակ դնելուց հետո ես որևէ գործողություն չեմ արել, և քննչական կոմիտեն որևէ փաստ և որևէ հիմք դրա հետ կապված չունի։ Եվ երկրորդը՝ ի՞նչ է նշանակում խուսափել հայտարարագիր ներկայացնելուց։ Ըստ էության՝ այս գործը հարուցել եք նրա համար, որովհետև ես հայտարարագիր եմ ներկայացրել։ Ու ներկայացրել եմ ոչ միայն դա, այլ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն՝ մեկի փոխարեն երկու հայտարարագիր եմ ներկայացրել։

Եվ ըստ էության՝ ես եմ այդ հայտարարագրով բացահայտել, որ ես ունեմ կանխիկ գումար, այն, որում տարիներ շարունակ եմ դա հայտարարագրել։ Ասել եմ դրա գտնվելու վայրը, քանակը, ծագման աղբյուրը։ Հետևաբար՝ ինձ ըստ էության ոչ թե հայտարարագիր չտալու, այլ հայտարարագիր տալու համար են մեղադրանք առաջադրում։

Այսինքն՝ երկու են հիմքերը, որի մասին խոսվում է, դրանք իրականության հետ որևէ կապ և առնչություն չունեն։ Ընդ որում՝ եթե քննչական կոմիտեն ինձ հրավիրեր հարցաքննության, այս հարցերի պատասխանը ամբողջությամբ կարող էր ստանալ և ստիպված էր լինելու անմիջապես այս քրեական գործը կարճել։ Բայց ի՞նչ է արել քննչական կոմիտեն։ Այս իր հայտարարությամբ, ըստ էության՝ չհաղթահարելով անձեռնմխելիության արգելքը, մեղադրանք է առաջադրել, և սա ստեղծել է փակուղային իրավիճակ։ Այլ կարգավիճակով ինձ հրավիրել չէին կարող, կամ դա է պատճառը, որ չեն հրավիրել, կամ եթե հրավիրեին, այս հարցերի պատասխանը կստանային, ստիպված այս գործը պետք է կարճեին։

Հետևաբար՝ այն, ինչի համար ինձ մեղադրում են կամ փորձում են այս քարոզչական հարձակումներով տպավորություն ստեղծել իրականության հետ և իրավական ընթացքի հետ որևէ կապ և առնչություն չունի։ Սա ընդամենը, հարգելի՛ հայրենակիցներ, հերթական քաղաքական հետապնդումն է իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։

Ավելին՝ տեսանյութում։