Լրահոս
Միջազգային
21:19
24.06.26
101

Ռուբիոն Իրանին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին՝ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների ֆոնին

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Թեհրանի իշխանությունները պետք է «հնարավորինս շուտ» Իրան թույլ տան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին։

Քուվեյթում լրագրողների հետ զրույցում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կոչ է արել իրանական կառավարությանը հրատապ թույլտվություն տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ երկիր վերադարձի համար։ «Հնարավորինս շուտ», - ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնի տեսանկյունից ե՞րբ պետք է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները ժամանեն Իրան։ «Եվ նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) երեկ (հունիսի 23-ին - խմբ.) դա ասել է։ Նրանք այնտեղ կլինեն այն ժամանակ, երբ անհրաժեշտ լինի, որ այնտեղ լինեն», - հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Բայց դա պետք է տեղի ունենա։ Նրանք (իրանցի պաշտոնյաները - խմբ.) ստանձնել են այդ պարտավորությունը և պետք է կատարեն այն», - հավելել է Ռուբիոն, որն այս օրերին շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներում։

Մինչդեռ ամերիկյան առաջնորդը ոչ միայն նախօրեին Իրանին չէր կոչ արել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հնարավորինս շուտ թույլ տալ, այլև ընդգծել էր, որ «շտապելու կարիք չկա»։ Նրա կարծիքով՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրան կվերադառնան «պատշաճ ժամանակին»։ Վաշինգտոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ զարգացումների նման ընթացքը նախատեսված է Իրանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով։