Լրահոս
Միջազգային
23:53
25.06.26
63

ՌԴ կառավարությունը 2,5 մլրդ ռուբլի կհատկացնի Դաղստանին և Չեչնիային՝ ջրհեղեղների հետևանքները վերացնելու համար

Img default alt hy

ՌԴ կառավարությունը Դաղստանին և Չեչնիային 2,5 միլիարդ ռուբլի կհատկացնի ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Վարչապետը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը հորդառատ տեղումները Հյուսիսային Կովկասի մի շարք շրջաններում առաջացրել են ջրհեղեղներ, քարաթափումներ և սելավներ, հոսքերը վնասել են հազարավոր տներ, տասնյակ կամուրջներ, ճանապարհներ, կոմունալ և էլեկտրական ցանցեր։

Նրա խոսքով՝ կառավարությունը ՌԴ նախագահի հանձնարարությամբ շարունակում է տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունն ու օգնությունը։ «Այսօր մենք բյուջեից լրացուցիչ 2,5 միլիարդ ռուբլի կուղղենք Դաղստանում և Չեչնիայի Հանրապետությունում անհետաձգելի միջոցառումների համալիրի համար։ Միջոցները կուղղվեն գետերի հուների մաքրմանը և ընդհանուր առմամբ 35 կմ երկարությամբ պատվարների կառուցմանը»,- նշել է Միշուստինը։

Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ ավելի վաղ արդեն ֆինանսավորում էր հատկացվել Կովկասի բնակիչների առաջնահերթ կարիքների, դպրոցների և մանկապարտեզների վերականգնման համար։ Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ ափերի ամրացումը կարևոր է սկսել հենց հիմա, որպեսզի ապագայում հնարավորինս նվազեցվեն բնական երևույթների անբարենպաստ հետևանքները։

«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ այս հարցերը պահել անձնական վերահսկողության տակ, որպեսզի մարդիկ և ձեռնարկությունները կարողանան հնարավորինս արագ վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը»,- եզրափակել է նա։