Լրահոս
Հասարակական
13:00
28.07.26
105

ՄԻՊ ներկայացուցիչները անակնկալ այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր ու դատարանների խցեր

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։

Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և ձերբակալված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։

Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրները` համապատասխան լուծումների առաջարկներով, կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։