Լրահոս
Քաղաքական
12:00
18.12.20
91

Փորձելու ենք մինչև վերջ կանգնել, որպեսզի կարողանանք մեր հատվածը պահել ու չթողնենք մոտենան գյուղին. Հակոբ Արշակյան

Img default alt hy

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլորին կոչ արեց զենքով ներկայանալ համայնքապետարան՝ Շուռնուխը թշնամուց պաշտպանելու համար։

«90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի։ ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից, մնացել ենք ինքնապաշտպանական ջոկատների հույսին»,- ուղիղ եթերում ասաց Հակոբ Արշակյանը։

168.am փոխանցմամբ,  առավոտյան Հակոբ Արշակյանն ասել է, որ բազմաթիվ մարդիկ արդեն պատրաստակամություն են հայտնել զենքը վերցնելու ու գյուղը պաշտպանելու։

 «Պաշտպանության նախարարությունը ոչ մի բան չի ասում, եթե իրենք բան ունեին ասելու, ապա հայկական զորքը տեղից չէին հանի։ Զորքը հանեցին ու գյուղը թողեցին գյուղացու ու մի քանի կամավորականների հույսին։ Ես չեմ կարծում, որ մեր զորքը նորից հետ կբերեն ու կկանգնեցնեն մեր դիրքերում։ Եթե թշնամու GPS-ով շարժվեն, քարտեզ-մարտեզ նրանց չի հետաքրքրում, ապա գյուղի ներքևի թաղամասը պետք է ամբողջությամբ հանձնվի թշնամուն։ Փորձելու ենք մինչև վերջ կանգնել, որպեսզի կարողանանք մեր հատվածը պահել ու չթողնենք մոտենան գյուղին»,- նշել է Հակոբ Արշակյանը։

Նա տեղեկացրել է, որ այս պահին շտապում է  դիրքեր և երկար խոսել չի կարողանում։