Լրահոս
Իրավական
13:17
02.02.21
71

«Օնիկ Գասպարյանի պահով՝ տեղյակ չեմ, իմ պահով՝ առանց մեկնաբանությունների». Արտակ Դավթյան

Img default alt hy

Այսօր դատարանը քննում է ՊՆ-ին զենք մատակարարած մի ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ ԱԱԾ-ն, հիշեցնենք, երեկ հաղորդագրություն տարածեց առ այն, որ «առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, որը նույն օրը ներգրավվել է որպես մեղադրյալ»։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որի դատական նիստը հիմա կայանում է։ 

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Գալստյանի ղեկավարած ընկերությունը պետք է պաշտպանության նախարարությանը մատակարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, սակայն մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

hraparak.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հարցաքննել է նաև այդ ժամանակ (2018-ին) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանին և նրանից հետո մինչ այս պահը ԳՇ պետ հանդիսացող Օնիկ Գասպարյանին, որոնց ցուցմունքները, սակայն, չեն կցել գործին, քանզի դրանք, ինչպես հասկացանք, այնպիսին են եղել, որ «կխանգարեին» ԱԱԾ-ին անկաշկանդ գործ հարուցել և մեղադրել Դավիթ Գալստյանին։  

Արտակ Դավթյանը հարցին՝ ճի՞շտ է, որ իրեն և Օնիկ Գասպարյանին կանչել են հարցաքննության, ասաց․ «Օնիկ Գասպարյանի պահով՝ տեղյակ չեմ, իմ պահով՝ առանց մեկնաբանությունների»։

-Իսկ ճի՞շտ է, որ խոսքը 2018 թվականին տեղի ունեցած գործարքի մասին է։

-Մանրամասներին տեղյակ չեմ, եթե Դուք կճշտեք՝ գոնե որ ամսին է եղել մուտքագրումը, որովհետև կարող է պայմանագիրը կնքված լինի շատ վաղուց, մատակարարումը լինի ինչ-որ ժամանակ և այլն։ Քանի որ քանակները շատ-շատ են, չեմ կարող ասել։ Եթե ամսով ճշտեք, կարող եմ ասել ամսվա հետ կապված։

-Իսկ ի՞նչ կարող եք ասել ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ։

-Իսկ ի՞նչ պիտի ասեմ ես, ի՞նչ եք ակնկալում, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ծանոթացել եմ, ընդունել եմ ի գիտություն։ Ուրիշ բան չեմ կարող ասել։

-Կա՞ր այդտեղ քրեական գործի շարժառիթ, և ինչո՞ւ հիմա՝ 2-3 տարի անց միայն, իրավապահ մարմինները գլխի ընկան, որ այդ գործարքում չարաշահումներ են եղել, մատակարարված արկերը չեն համապատասխանել չափանիշներին և այլն։

-Ինձ թվում է՝ հասցեատերը ճիշտ չեք ընտրել, էդ հարցերը պիտի ինձ չուղղեք, ի՞նչ իմանամ, նենց բան եք ասում, թե ԱԱԾ-ն երբվանից է սկսել էդ գործով զբաղվել, ինչ արդյունքներ կան իրենց մոտ, և ինչի համար է եղել, ես ո՞նց պատասխանեմ էդ հարցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: