Լրահոս
Քաղաքական
18:14
09.12.20
68

Նիկոլը մնացել է միայնակ. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Փաշինյանի հրաժարականի պահանջով դեպի Ազգային Ժողով ընթացող անհնազանդության երթի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը կողմ են ժողովուրդը, պետական կառույցները, իսկ Փաշինյանը մնացել է միայնակ: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի շուրջը մնացել են միայն ՔՊ-ական նեղ մի հատված և որոշ սադրիչներ:

«Այն, որ գնալու է, հայտնի  է բոլորին: Պարզապես պետք է հասկանա և գնա անցնցում, անարյուն, հանգիստ, և մեր երկիրը կրկին չտանի ցնցումների, նոր բախումների: Բայց այն, որ հեռանալու է, հայտնի է բոլորին, այդ թվում՝ իրեն»,- նշեց նա:

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ է հետաձգում իր հրաժարականը Փաշինյանը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նա շարունակում է կառչած մնալ աթոռին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մի պահի ժողովրդի զայրույթը կանցնի, և ինքը կվերարտադրվի:

«Ինքն ԱԺ կարող է գալ միայն մեկ նպատակով՝ գա և կարդա իր հրաժարականի տեքստը: Ուրիշ գալիս է՝ ի՞նչ անի, գալիս է՝ էլի խաբի՞ ժողովրդին, սուտ ասի գնա տո՞ւն»,- շարունակեց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով, որ քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք կունենան համապատասխան գիտակցում, կհասկանան իրենց պատասխանատվության չափը, չեն դառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը և կմիանան ժողովրդին:

Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ այդպիսիք շատ են, պարզապես վախենում են Նիկոլ Փաշինյանի ճնշումներից: «Բայց ժողովրդի ճնշումը շատ ավելի մեծ է, և ես վստահ եմ՝ իրենք կունենան այդ գիտակցումը»,- եզրափակեց նա: