Լրահոս
Տարածաշրջան
15:27
10.12.20
76

Մոսկվան աջակցում է Հայաստանին. Էրդողանի խորհրդական

Img default alt hy

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ կան մի շարք հարցերի շուրջ, որոնցից մեկը «Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի աջակցությունն է Հայաստանին», գրել է Մեդիամաքս գործակալությունը:

 Դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի (German Marshall Fund of the United States) կազմակերպած վեբինարին, Իբրահիմ Կալինը նշել է, որ «Թուրքիան հաճախ է քննադատվում Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»:

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն ասել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հասնել ղարաբաղյան հակամարտության հարցի լուծմանը, եւ «Ադրբեջանը հիասթափված էր Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից»:

«Արդյո՞ք ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան արել էին որեւէ առաջարկություն, որին Թուրքիան չէր աջակցել: Երբ ամերիկյան կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրեց Վաշինգտոն ՝ հրադադարի մասին պայմանավորվելու համար, ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը եւ հարցրեց մեր դիրքորոշման մասին: Մենք անմիջապես հայտարարություն արեցինք՝ ի պաշտպանություն զինադադարի, սակայն հաջորդ օրը հայկական կողմը վերսկսեց ռազմական գործողությունները», - ասել է Կալինը:

 Նա նշել է, որ Թուրքիայի արեւմտյան գործընկերները պետք է որպես «արժեքավոր ձեռքբերում» ընկալեն այն փաստը, որ թուրք զինվորականները, ռուսների հետ միասին, ներկայացված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման կենտրոնում:

Մեկնաբանելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման վերաբերյալ Արեւմուտքում հնչող քննադատությունը՝ Իբրահիմ Կալինը նշել է, որ «Ռուսաստանը ներկա է այս տարածաշրջանում առնվազն 100 տարի»:

  Բացի այդ, նա ասել է, որ «մտահոգված ուժերը կարող են Հայաստանի կառավարության հետ քննարկել այս երկրի տարածքում ռուսական ռազմակայանի առկայության հարցը»:

 Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը մեկնաբանել է նաեւ ԵՄ առաջիկա գագաթնաժողովը, որի ժամանակ կարող են պատժամիջոցներ ընդունվել Անկարայի դեմ: «Ես տեսել եմ հայտարարության նախագիծը եւ պետք է ասեմ, որ պատժամիջոցների լեզուն հակառակ արդյունքն է ունենալու: 1-2 երկրների նեղ օրակարգը չպետք է ազդի Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների ողջ սպեկտրի վրա», - ասել է Իբրահիմ Կալինը եւ հավելել, որ «եվրակենտրոնությունը վնասում է առաջին հերթին Արեւմուտքի շահերին»: Ըստ Անկարայի ներկայացուցչի, «մենք միայն մեկ բան ենք խնդրում՝ բոլոր դերակատարներին դիտարկել իբրեւ հավասար գործընկերներ»: