Լրահոս
Կրթություն և գիտություն
17:43
01.02.21
79

«Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի». Ռադիկ Մարտիրոսյան

Img default alt hy

Մեր գիտաշխատողն այսօր ստանում է աշխատավարձ մեր երկրի միջինի աշխատավարձի կեսի չափով: Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջինի կրկնապատիկը, Չինաստանում հասնում է 5-10 անգամի, այսինքն` գիտնականները ստանում են տվյալ երկրի 5-10 անգամ ավել միջին աշխատավարձից, գրում է tert.am-ը: 1991 թվականից՝ անկախությունից հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մեր գիտությունը չի ֆինանսավորվել. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ներկա իշխանությունների օրոք գիտության նկատմամբ ֆինանսավորման աճ եղե՞լ է, թե ոչ:  

«Գիտաշխատողը պետք է աշխատավարձ ստանա, գիտական սարքավորում ունենա, կարողանա գնալ գործուղման, մասնակցի գիտական կոնֆերանսների, իսկ եթե գիտաշխատողը ստանում է միջին աշխատավարձի կեսը, դա նշանակում է, որ գիտությունը չի ֆինանսավորվում, կան մարդիկ,  պահում են այդ հիմնարկները՝ սպասելով լավ օրվա, երբ կլինի գիտության ֆինանսավորման հնարավորություն: Իսկ այլ երկրներում առաջին հերթին անվտանգությունն է, հետո՝ գիտությունը, իսկ գիտությունն էլ անվտանգության խնդիրներն է լուծում»:

Հարցին, թե գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ մտափոխվել են, Մարտիրոսյանը պատասխանեց, որ գիտնականներն իրենց կարծիքը հայտնել են, և Գիտությունների ազգային ակադեմիան ժամանակին արել է իր հայտարարությունը:

Դիտարկմանը, թե «Կրթության մասին» նոր օրենքն ասում է, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է լուծարվի, միացվի բուհերին, Մարտիրոսյանն ասաց.

«Նման բան չկա, եթե նայել եք, օրենքի նախագծում խոսքը կարգավիճակի մասին է այն ինստիտուտների, որոնք գտնվում են ակադեմիայի համակարգում, օրենքում ճշտված չէ այդ կարգավիճակի իմաստը, թե այդ ինստիտուտների վերադասն ո՞վ է, այդ խնդիրն է, որ վերջնական կանոնակարգված չէ, և մեր պահանջը դա է: Ես չեմ կարծում, որ այսօր անհրաժեշտ էր գիտության մասին ունենալ նոր օրենք, երբ մենք ունենք երկու գործող օրենք՝ մեկը կոչվում է՝ «Գիտության և գիտական քաղաքականության» օրենք, մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենք, եթե այդ օրենքներում փոփոխություններ կատարելու խնդիրներ կան, մենք պատրաստ ենք դա անել»:

Հարցին, թե վարչապետի հրաժարականի պահանջին ինչո՞ւ հանրության լայն զանգվածներ չմիացան, Մարտիրոսյանն ասաց. «Քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ, որ չափանիշը չի որոշվում՝ ըստ իրողությունների վիճակի, փողոցում եղած մարդկանց թվով: Ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ կան, որ փողոցում չեն, այլ նստած են տանը կամ աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչ ունեցել են առաջ, փողոց դուրս գալը հիմնական պայմանը չէ»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում եկող կառավարությունը, Մարտիրոսյանն ասաց․

«Պետք է լինի այնպիսի իշխանություն, որ համապատասխանի անցյալին և այն խնդիրներին, որոնք մենք դրել ենք մեր առաջ՝ առաջիկա տարիների զարգացման համար: Նոր սերնդի պատմության զարգացման համար պահանջվում են խելոք, ճիշտ կազմակերպող, լսող, ճշգրիտ բաներ ասող մարդիկ, ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»: