Լրահոս
Կրթություն և գիտություն
17:40
08.12.20
88

5000-ից ավելի զոհեր… ես մի քիչ ավելի վատ թվեր գիտեմ.Սերժ Սրապիոնյան

Img default alt hy

Երկրում տիրող իրավիճակի հետ կապված՝ մի խումբ մտավորականներ այսօր հավաքվել էին «Մեցցո» ակումբում՝ կիսելու իրենց մտահոգությունը, գրում է 168.am-ը:

Կայքի փոխանցմամբ՝ այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ոլորտի նվիրյալների հավաք է:

«Հավաքը չունի ստանդարտ հավաքներին բնորոշ ձևաչափ: Ուզում եմ պարզապես ասել, որ այսօր վտանգը շարունակվում է: Դուք տեսեք, 5000-ից ավելի զոհեր… ես մի քիչ ավելի վատ թվեր գիտեմ, չեմ ուզում ձեր տրամադրությունը գցել: Կրկնակի հաշմանդամներ, անհայտ է, թե ինչքան անհայտ կորած կա: Հայ ժողովրդի այս ցավը ամենամրմռացնողն է, և այս ցավից մենք ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի և հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով: Սա անվերականգնելի կորուստ է, երբևէ չենք կարող վերականգնել՝ ինչպես 1915թ. ցեղասպանության կորուստները, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր 300.000 քաջարի զինվորների կորուստները, արցախյան առաջին պատերազմի կորուստները: Դժբախտաբար, չենք կարող վերականգնել նաև այս վերջին, խայտառակ պատերազմի կորուստները»,- հանդիպման ժամանակ ասել է ԵՊՀ դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ, վտանգված և գուցե նաև անվերականգնելի կորուստը մեր բարոյական անկումների կորուստն է:

«Մեզ անվերջ ներարկեցին միտք՝ մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին, հանեցին հիմնական մաշկը՝ հայ որոշիչը, մեր լեզուն դարձրեցին կամընտրական և ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեր մեջ մտնում է մեր մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս վերջին հոգոցի հետ: Մեզ բերեցին, հասցրեցին վերջին հոգոցին, երբ մեր միջից դուրս է գալիս մեր լեզվամտածողությունը: Տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում: Այն բուհերը, որոնք հիմնվել են սովի, եղեռնից մազապուրծ, տիֆի համաճարակում տառապող քաջարի մտավորականների կողմից, այսօր սարքում են կոշկակարի բուդկա՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով: Եվ սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են»,- նշել է գրականագետը: