Լրահոս
Միջազգային
10:19
30.04.26
210

Թուրքիայի ԱԳՆ-ն ծովահենություն է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի համար նախատեսված «Սումուդ» նավախմբի նկատմամբ

Img default alt hy

Թուրքիայի ԱԳՆ-ն ծովահենության ակտ և նավագնացության ազատության սկզբունքի խախտում է անվանել իսրայելական ուժերի գործողությունները Գազայի հատված ուղևորվող հումանիտար նավախմբի նկատմամբ, որը ստացել է «Գլոբալ նավախումբ «Սումուդ» - Երկրորդ առաքելություն» (Global Sumud Flotilla - The Second Mission) անվանումը։

«Միջազգային ջրերում իսրայելական ուժերի հարձակումը «Գլոբալ նավախումբ «Սումուդ»-ի վրա, որը ձևավորվել էր Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար, ծովահենության ակտ է։ Իսրայելը ոտնահարել է մարդկային արժեքները և խախտել միջազգային իրավունքը՝ հարձակվելով նավախմբի վրա, որը փորձում էր ուշադրություն հրավիրել Գազայում տիրող հումանիտար աղետի վրա։ Իսրայելի կողմից այս ագրեսիան նաև խախտում է միջազգային ջրերում նավագնացության ազատության սկզբունքը»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն կոչ է արել «միջազգային հանրությանը միասնական դիրքորոշում որդեգրել Իսրայելի այս հակաիրավական գործողության դեմ»։ «Այլ երկրների հետ միասին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը նավախմբի նավերում գտնվող մեր քաղաքացիների և մյուս ուղևորների հետ կապված իրավիճակի առնչությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։

Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է նավախմբի հետ կապված իրավիճակը Իսպանիայի իր գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Կրետեի ափերի մոտ բաց ծովում իսրայելական ուժերի ապօրինի միջամտությունը նավախմբի նկատմամբ վտանգի տակ է դրել տարբեր ազգերի բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքը և խախտել միջազգային իրավունքը։ Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի այս անօրինական միջամտության վերաբերյալ»,- գրել է դիվանագետը X-ում։