Լրահոս
Իրավական
14:47
02.04.21
80

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով

Img default alt hy

Մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանի ու Պետրոս Պետրոսյանի վարքագիծն ակնհայտ չարամիտ է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ դատական նիստին քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և մեղադրող դատախազների վարքագիծը՝ կապված նախորդ դատական նիստերին բացակայության հետ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստին ծանոթանալու համար ժամանակ էր անհրաժեշտ, ուստի՝ չեն ներկայացել դատական նիստին՝ դիրքորոշում հայտնելու համար։

Փաստաբան Հայկ Ալումյանն արձանագրեց, որ գործով որպես մեղադրող են ներգրավված շուրջ 6 դատախազ, ուստի՝ նրանցից որևէ մեկի ներկայությունն ապահովել հնարավոր էր։ Ավելին՝ գործով որպես մեղադրող է ներգրավված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ, միանալով գործընկերոջ դիրքորոշմանը, ընդգծեց, որ դատախազների վարքագիծը չարամիտ էր և նպատակ էր հետապնդում՝ դատական նիստը տապալելու։ Ընդ որում՝ դատախազները չեն ներկայացել դատական նիստին այն դեպքում, երբ առկա էր ՍԴ որոշում։

Դիրքորոշում հայտնելու ցանկություն հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, սակայն դատարանը պարզաբանեց, որ դիրքորոշում հայտնել կարող են միայն այն անձինք, ում նկատմամբ սանկցիա է կիրառվում, գրում է pastinfo-ն:

Դատարանն արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր է պատշաճ ներկայանալ դատական նիստերին։

Դատավորը նշեց, որ պաշտպանների անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ առանց դատարանի թույլտվության դահլիճից հեռանալու, իսկ ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա դատարանը արձանագրեց, որ դատական նիստը հետաձգելու և ՍԴ որոշմանը ծանոթանալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու համար վերջիններս կարող էին ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը պաշտպաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Վարդևանյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի ւ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածը՝ այն համարելով ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այսինքն՝ դատարանը պետք է այդ հոդվածի մասով դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճի վարույթը։