Լրահոս
Հայաստան
16:23
05.01.21
105

«Պետք է գերիների ցուցակները հայտնեն, դա պետական գաղտնիք չէ: Բաքվի բերդում 800 գերի կա». անհետ կորած զինծառայողի հայր

Img default alt hy

Այսօր դարձյալ Կառավարության դիմաց հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները, որոնցից Ռոման Գևորգյանը նշեց, որ Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

 Ռոման Գևորգյանը նշեց, որ այսօր լրանում է երեք անիս, ինչ ինքը հարազատ զավակից նորություն չունի: Նրա խոսքով՝ ծնողներ կան, որոնք տեսել են իրենց երեխաների նկարները հիվանդանոցներից, սակայն այժմ նրանց չեն կարողանում գտնել:

 «Երեխաների նկարները ցույց է տվել, ծնողներն իրենց երեխաներին տեսել են վերակենդանացման բաժանմունքներում պառկած, այսօր բերել են Երևան, այդ երեխաները ոչ մի հիվանդանոցում չկան: Փնտրել ենք, չկան: Մի շաբաթ է արդեն: Բուժհաստատությունում լուսանկար կա, ցույց է տվել առողջապահության նախարարը: Թող առողջապահության նախարարը գա, վզից կբռնենք, կտանի այնտեղ, որտեղ երեխեքի նկարները ցույց է տվել: Ինքը պիտի մեր երեխեքին գտնի, տա մեզ: Ես չգիտեմ՝ այսօր առողջապահության նախարարն ինչով է զբաղվում, բայց հաստատ ոչ մի բանով չի զբաղվում: ԴՆԹ-ների հարցից սկսած: Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»,-ասաց անհետ կորածի ծնողը:

 Նա ընդգծեց՝ ծնողների համար կարևոր չէ, որ այսօր աշխատանքային օր չէ: «Մեզ համար աշխատանքային օրը կապ չունի: Մենք կհավաքվենք, կգնանք այնտեղ, որտեղ իրենք կլինեն: Այսօր պետք է պատասխան տան՝ որտեղ են մեր երեխաները: Պետք է գերիների ցուցակները հայտնեն, դա պետական գաղտնիք չէ: Բաքվի բերդում 800 գերի կա: Մեզ պետք է՝ Բաքվի հետ խոսեն, իմանան՝ քանի գերի կա»,-ասաց Ռոման Գևորգյանը:

 Նրա խոսքով՝ մինչև հիմա վայրեր կան, որտեղ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մտնել ու փնտրել անհետ կորածներին: