Լրահոս
Միջազգային
23:45
28.04.26
273

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Սթարմերի դեմ հետաքննություն սկսելու նախաձեռնությունը

Img default alt hy

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատ) պատգամավորները դեմ են քվեարկել վարչապետ Կիր Սթարմերի նկատմամբ խորհրդարանական հետաքննություն սկսելուն, որը պետք է առնչվեր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակմանը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում քվեարկության արդյունքները։

Ավելի վաղ ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը քննարկման էր ներկայացրել առաջարկ՝ Սթարմերի նկատմամբ Համայնքների պալատի արտոնությունների հանձնաժողովի կողմից հետաքննություն նախաձեռնելու վերաբերյալ։ Թորիները (պահպանողականները) վարչապետին մեղադրում էին խորհրդարանում սուտ վկայություն տալու մեջ՝ պնդելով, թե Մանդելսոնի նշանակման ժամանակ պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Հատկանշական է, որ Մանդելսոնը մտերիմ հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Անցյալ շաբաթ Սթարմերի կողմից պաշտոնանկ արված բրիտանական դիվանագիտական ծառայության ղեկավար Օլլի Ռոբինսը հայտարարել էր, որ «քաղաքական ճնշում» է զգացել Մանդելսոնի թեկնածությունը հաստատելու հարցում։

Պահպանողականների առաջարկին աջակցել էին նաև այլ ընդդիմադիր ուժեր՝ Լիբերալ-դեմոկրատները, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, աջ պոպուլիստական Reform UK-ը և «կանաչները»։ Սակայն, քանի որ Լեյբորիստական կուսակցությունը 650-տեղանոց Համայնքների պալատում ունի բացարձակ մեծամասնություն, նախաձեռնությունը մերժվել է։ Թորիների առաջարկին կողմ է քվեարկել 223 պատգամավոր, դեմ՝ 335-ը։ Լեյբորիստները ընդդիմության այս քայլը որակել են որպես «քաղաքական հնարք»՝ հաջորդ շաբաթ կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։