Լրահոս
Հայաստան
20:18
05.04.21
49

«Իշխանությունը փակուղում է. ինչ խնդիր պետք է լուծեին Ապրիլյան հանձնաժողովի միջոցով, ձախողվել է». Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Օրերս պարզվեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, այլ 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սա զուտ գալիս է հաստատելու, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական որոշո՞ւմ էր, թե՞ սա այլ բանի մասին է նաև վկայում՝ իհարկե, չանտեսելով այն, որ նմանօրինակ զեկույցը պետք է ունենա գաղտնի մաս:

– Անկախ այդ զեկույցի բովանդակությունից, վաղուց արդեն պարզ էր, թե դա ինչ նպատակ էր հետապնդում։ Իշխանությունն ակնհայտորեն փակուղում է, որովհետև ինչ խնդիր պետք է լուծեին այդ հանձնաժողովի միջոցով, ձախողվել է։ Նախ՝ ժամանակը ցույց տվեց, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, չնայած որոշակի ուղղություններով արձանագրված տարբեր բնույթի խնդիրների, ինչպես զինված ուժերը, այնպես էլ՝ հավաքական առումով ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է ռազմի դաշտում և դիվանագիտական մակարդակում անհրաժեշտ արդյունք ապահովելու համար։

 Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմական գործողությունները չնայած իրենց մասշտաբով էականորեն տարբերվում էին 2016 թվականի ապրիլին ծավալված գործողություններից, սակայն որոշակի ուղղություններով եզրահանգումներ անելու հնարավորություն տալիս են։

Մեծ առումով, վերջին պատերազմում հսկայական խնդիրներ, տապալումներ գրանցած և երկիրը ողբերգական կետի հասցրած իշխանություններն առնվազն բարոյական իրավունք չունեն քաղաքական գնահատականներ հնչեցնել նախորդների հասցեին։

Եղած զեկույցը՝ դրա քաղաքական մասը հանած, կարող է օգտակար լինել միայն ԶՈՒ-ին, այն էլ՝ ներքին օգտագործման համար։ Սակայն շատ խնդիրներ արդեն իրենց ակտուալությունը կորցրել են։

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լավ կլինի իշխանության գան կոմպետենտ ուժեր, որոնք արագ կվերլուծեն վերջին պատերազմի խնդիրները և դրա հիման վրա անհրաժեշտ գործողությունների շարք կսկսեն՝ բանակի վերականգնումից մինչև արդիականացում։

Արցախյան վերջին պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ կա հարուցված, որոնցով ձերբակալվել է մոտ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի, քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ 2 բարձրաստիճան սպաների նկատմամբ: Որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ բոլոր դեպքերում թիրախները ճիշտ են ընտրված:

– Անկեղծ լինենք, այս իշխանությունից օբյեկտիվ քննություն անցկացնելու ակնկալիք չի կարող լինել։ Պատերազմից հետո դրված էր մեկ խնդիր՝ բոլոր ձախողումների պատասխանատու նշանակել նախկիններին և բանակին, իսկ իշխանության այդ մոտեցման պայմաններում, բնական է, որ քննություն տանող բոլոր կառույցները, անձինք գտնվելու են տոտալ ճնշման տակ։

Ձեզ համար պա՞րզ է, թե «Իսկանդերի» շուրջ ադրբեջանական «բացահայտումների» տակ ինչ է թաքնված, նաև՝ ռուսական արձագանքի, թե այն չի կիրառվել: Գուցե սա տեղավորվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակո՞ւմ:

Նկատելի է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ ու նախաձեռնությամբ, փորձում է տարբեր գործողությունների միջոցով հեղինակազրկել ՌԴ-ին՝ ստեղծված իրավիճակում իր համար նոր զիջումներ կորզելու Արցախի հարցում։

Թուրքիայի գլխավոր խնդիրը տարածաշրջանում հաստատվելն է, ինչը, բնականաբար, պետք է տեղի ունենա ռուսական ազդեցության նվազման հաշվին։

Առաջիկայում ևս ականատես ենք լինելու թուրք-ադրբեջանական սադրանքների, մանիպուլյացիաների նոր դեպքերի։