Անդրադառնալով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Շուշիում կենտրոն կառուցելու ցանկությանը, Խաչատրյանն ասաց.
«Դա որոշակի ազգային հոգեբանական կոմպլեքսի հետևանք է, երբ որ փորձում ես ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել, պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որ հայկականություն է ենթադրում, ոչնչացնել և դարձնել, ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական, որքան էլ որ պատմականորեն, գիտականորեն դրանք զավեշտական թվան: Կարծում եմ, որ դա այդ հոգեբանության և դրա վրա կառուցված քաղաքականության հետևանք է»:
Արցախյան վերջին պատերազմից հետո գործող իշխանությունը ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել այն թեզի տարածմանը, որ մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, նրանց չհամարենք թշնամի, բարեկամանանք նրանց հետ: Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակով:
«Ես զերծ կմնամ զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են՝ «թշնամի» կամ «սիրելի»: Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ, առարկայական իրավիճակներ, այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել: Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է՝ պատերազմն ավարտվել է, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորսված տարածքներ, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր, և այդ ֆոնի վրա նման հայտարարություններ անելը, չեմ կարծում, որ օբյեկտիվ է և առարկայական»,- ասաց Խաչատրյանը:
Եպիսկոսպոսը նաև պարզաբանեց՝ երբ եկեղեցին ասում է՝ «սիրիր թշնամուդ», դա չի նշանակում, որ դու նրան պետք է հպատակվես:
«Երբ մենք խոսում ենք թշնամուն սիրելու անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտամունքն այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին: Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, ասում է՝ սատանան մեր թշնամին է, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք սատանայի նկատմամբ սեր պետք է ունենանք: Մենք սիրո բովանդակությունը բացահայտելու խնդիր ունենք, սիրել թշնամուն՝ չի նշանակում՝ համակերպվել իր ըմբռնումներին, պահանջներին, սիրել թշնամուն՝ նշանակում է՝ նաև ջանք թափել թշնամու մոտ՝ քրիստոնեական զգացմունքները զորացնելու ուղությամբ: Սիրել՝ չի նշանակում՝ հպատակվել, չի նշանակում՝ ստրկանալ, մեր քրիստոնեական հնազանդությունը կամավոր է, պարտադրված հնազանդությունը դա հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի հոգուն»,- ասաց նա: