Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:19
02.04.21
68

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Արա Այվազյանը շեշտել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Img default alt hy

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:

Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն տվեցին Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին: 

Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին՝ նախարար Այվազյանը նշեց, որ «այն նաև հստակ կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա: Այս համատեքստում հանգամանալից ներկայացվեցին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում:

Նախարար Այվազյանն անդրադարձավ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրեց նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը: Այս համատեքստում նախարարն ընդգծեց Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է: