Լրահոս
Միջազգային
21:49
30.04.26
324

ԱՄՆ 2027 թվականի ռազմական բյուջեն Ուկրաինային օգնություն չի նախատեսում․ Պենտագոն

Img default alt hy

Պենտագոնի 2027 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը միջոցներ չի նախատեսում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը։

«Դա ճիշտ է։ Այս բյուջեում USAI-ի (Ուկրաինայի անվտանգությաննաջակցության նախաձեռնություն) գծով ֆինանսավորում չկա», — ասել է նա՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։ Հերստը մեկնաբանում էր ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ օրերս հրապարակված բյուջետային հայտը հաջորդ ֆինանսական տարվա համար։

Միևնույն ժամանակ, փոխնախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Պենտագոնը շուտով կսկսի օգտագործել Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից։ «Այդ միջոցները հատկացվել են բոլորովին վերջերս։ Որքանով ինձ հայտնի է, մենք այդ գումարները ստացել ենք մարտին։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի փողերը հասնեն նախարարություն։ Բայց դրանք շատ շուտով կգործարկվեն։ Մենք կաշխատենք [ԱՄՆ Զինված ուժերի] Եվրոպական հրամանատարության ղեկավար Ալեքս Գրինկևիչի հետ՝ երաշխավորելու այդ միջոցների առավել պատշաճ օգտագործումը», — նշել է Հերստը։

Ինչպես ապրիլի 29-ին The Washington Post թերթի իր հոդվածում պնդել էր ամերիկացի սենատոր Միթչ Մաքքոնելը (հանրապետական, Կենտուկի նահանգից), ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հապաղում է Ուկրաինային փոխանցել Կոնգրեսի կողմից ժամանակին հաստատված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը։ Ըստ Մաքքոնելի՝ ռազմական գերատեսչությունն անտեսել է նաև Սենատի համապատասխան հանձնաժողովների հարցումները։ Օրենսդրի վարկածով՝ այս ռազմական օգնության իրացման հարցերի ձգձգման պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։