Լրահոս
Հասարակական
13:15
25.02.26
122

Ժողովրդական լեզվով ասած՝ «թոշակառուներին կաշառում են», զուգադիպությունները պատահական չեն

Img default alt hy

Ընտրություններից 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել է թոշակները բարձրացնել մինչև 10 հազար դրամով այն պարագայում, երբ մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր. «թոշակառուն ի՞նչ է անելու այդ 10 հազար դրամը»: 

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատել է, որ  ժողովրդական լեզվով ասած՝ «թոշակառուներին կաշառում են», բայց, ըստ նրա, այստեղ կոռուպցիա չկա:  « Սա ուղղակի շատ տարածված տակտիկա է: Սա վարչական ռեսուրսի կիրառում է. միայն իշխանությունները դա կարող են անել, իրենք դա օգտագործում են, որպեսզի ավելի շատ ձայներ իրենց կողմ գան: Ճիշտ է՝ ժողովրդական լեզվով ասած՝ ժողովրդին կաշառում են, բայց դա սովորական երևույթ է, այնպես չէ, որ դա անսպասելի է կամ արգելված: Այս դեպքում ուղղակի օգտագործում են իրենց լիազորությունները , դեռ ուրիշ բաներ էլ կարող են անել՝ ասֆալտապատել և այլն»,- «news.5tv.am»-ին ասել է Հոկտանյանը՝ թոշակառուներին առաջարկելով շատ չուրախանալ, որովհետև գնաճ կարող է լինել:  

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ չի կարծում, թե թոշակների բարձրացումն ու ընտրությունները զուգադիպել են. « Այն, որ դա նախընտրական ժեստ է, բնականաբար, այդպես է, երևի բոլոր երկրներում էլ դա կիրառվում է, անհնար է դա այլ կերպ մեկնաբանել: Պատահական զուգադիպությունները քիչ հավանական են, որովհետև էմոցիոնալ առումով հենց պետք է, որ մարդիկ հիշեն ինչ-որ մի բան, որը ընտրության ժամանակ որոշում կայացնելու վրա կազդի, հաշվարկն այդ ձևով է արված»,- ասել է Հարությունյանը: