Լրահոս
Միջազգային
20:00
05.05.26
323

Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ գործողությունները․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս շաբաթ հրամայել վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական ղեկավարության իր աղբյուրներին։

Ինչպես գրում է պորտալը, մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կարգով տեղեկացրել է Իրանին Օրմուզի նեղուցում Project Freedom («Ազատություն» նախագիծ) գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերմանը՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքերին, ով երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։

Չնայած դրան՝ ամերիկյան և իսրայելական որոշ պաշտոնյաներ համոզված են, որ բանակցություններում փակուղու պահպանման դեպքում Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին պատերազմը վերսկսելու հրաման տալ, գրում է պորտալը։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան։

Մայիսի 1-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Սակայն այս քայլը, ըստ ամենայնի, բացատրվում էր գլխավորապես ներպետական օրենսդրության դրույթներին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք կարգավորում են ԱՄՆ զինված ուժերի կիրառումն արտասահմանյան հակամարտություններում։