Լրահոս
Քաղաքական
15:10
12.02.26
342

«Ուժեղ Հայաստան»-ը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակի, երաշխավորված խաղաղության դարաշրջանը․ Արթուր Միքայելյան

Img default alt hy

Մեր հայրենիքը այսօր կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց ամենամեծ վտանգը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանությունները իրենց թույլ կամքի ու թույլ կառավարման հետևանքով սերմանել են յուրաքանչյուրիս մեջ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Արթուր Միքայելյանը:

«Նրանք մեզ ստիպում են մուրալ խաղաղություն: Նրանք մեզ սովորեցրել են ապրել նաև վախով: Նրանք մեզ համոզում են, որ մենք թույլ ենք, չենք կարող, որ մենք պետք է միայն ու միայն զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում ու մոտեցնում են հերթական պատերազմը: Եվ այսօր մենք ասում ենք բավական է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակի, երաշխավորված խաղաղության դարաշրջանը:

Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը: Մենք ուզում ենք իրական խաղաղություն: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որ ոչ մեկի մտքով չանցնի անգամ սպառնալ Հայաստանին, այնպիսի խաղաղություն, որ մեր երեխաները մեծանան առանց տագնապի ազդանշանի, առանց ռմբակոծությունների ու առանց տարհանումների: Այնպիսի խաղաղություն, որտեղ զինվորի մայրը հանգիստ կքնի: Այնպիսի խաղաղություն, որտեղ երիտասարդը չի վախենում իր երկրից, այլ կառուցում է այն: Նման խաղաղություն հնարավոր է»,- ասաց նա: