Լրահոս
Հասարակական
11:12
25.02.26
410

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղյակ չէ փոխանցված վարձկանների գտնվելու վայրի մասին. Սպուտնիկ

Img default alt hy

Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին։

Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին՝ դա բացատրելով վերջիններիս հետագա պատիժը հայրենիքում կրելով:

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ հետաքրքրվելով.

1) շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը,

2) Եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով:

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո»: