Լրահոս
Սոցիալական
18:08
21.04.22
8 778

Էդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացել

Img default alt hy

«ArmLur.am»-ը գրում է.

«Մարտի 14-ին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի համար 2022 թվականը ձեռքբերումներով է սկսել: Նա ոչ միայն պետական պաշտոնի է նշանակվել, այլև՝ բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել:

«ArmLur.am»-ը ուսումնասիրեց Մարուքյանի 2022 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ Մարուքյանը 2011 թվականին Վանաձոր քաղաքում հիպոտեքային տարբերակով բնակարան է ձեռք բերել:

Բացի այս, արձանագրենք, որ այս տարի Մարուքյանի անշարժ գույքը բազմապատկվել է. նա Երևանի Ավան վարչական շրջանում նվեր է ստացել մեկ բնակարան, մեկ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:

Սրանց ձեռքբերման եղանակը Մարուքյանի հայտարարագրում ձևակերպված է որպես նվիրատվություն: Այսինքն Մարուքյանն այս տարի ոչ միայն պաշտոնյա է դարձել, այլև՝ բնակարանատեր:

Ունի 2013 թվականի արտադրության մեկ ավտոմեքենա՝ Toyota մակնիշի, որը գնվել է 2018 թվականին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մարուքյանը տվյալներ է ներկայացրել նաև բանկային հաշիվներին առկա մնացորդների մասին:

Այսպես, հատուկ հանձնարարություններով դեսպանի բանկային հաշվին առկա է եղել շուրջ 5.6 մլն դրամ, 1360 դոլար և 1075 եվրո: Իսկ կանխիկ դրամը կազմել է 3500 դոլար:

Մարուքյանի կնոջ՝ Տաթևիկ Մատինյանի 2021 թվականի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տեղեկություն չկա նշված:

Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 570 հազար դրամ, 2528 եվրո:

Պաշտոնյայի կինը նախորդ տարում որպես հայտարարագրել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը, որը ընդհանուր կազմել է 765 հազար դրամ, որից 200 հազար դրամը նա ստացել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ից, իսկ 565 հազար դրամը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ից: