Լրահոս
Արցախ
11:37
20.02.21
84

Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել, մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Արցախի վերածննդի օրվա, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ:
Պատեհ առիթով վերստին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նախագահ Քոչարյանի 2019 թվականի փետրվարի 20-ի ուղերձից մի հատված։ Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան։
 
«Միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար:
 
Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»
 
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
20 փետրվարի 2019թ․
Երևան