Լրահոս
Մշակույթ
23:30
25.02.26
125

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում է

Img default alt hy

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը  հյուրախաղերով կլինի Լիբանանում, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։

Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։

Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։

Համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ․ յուրաքանչյուրն իր ոճով ու հնչերանգով հարստացնում էր երեկոյի բազմերանգ գունապնակը։

Այս հյուրախաղերն ունեն պատմական նշանակություն․ ՀՊԿՆ-ն Լիբանանում հանդես կգա 27 տարվա ընդմիջումից հետո՝  լիբանանյան  հանդիսատեսին ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգաշարը  նպատակ ունի ամրապնդելու մշակութային կապերը հայկական սփյուռքի և Հայաստանի միջև, ինչպես նաև ներկայացնել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակում։

Հյուրախաղերը կազմակերպվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA (Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիա) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ՝ Լիբանանի համազգային վարչության հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։