Լրահոս
Միջազգային
16:08
03.03.26
407

Թրամփը չի ավարտի գործողությունն Իրանում մինչև չորս նպատակների իրագործումը․ CBS

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել գործողությունն Իրանում, քանի դեռ չի հասել չորս կոնկրետ նպատակների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչին։

Ըստ նրա՝ Թրամփը ցանկանում է ոչնչացնել Իրանի հրթիռային ուժերն ու ռազմածովային նավատորմը, թույլ չտալ Իրանին «միջուկային զենք մշակել», զրկել նրան այլ երկրներում «ահաբեկչական բանակներ զինելու, ֆինանսավորելու և դրանք ղեկավարելու» հնարավորությունից։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտական գործողությունները կտևեն 4-5 շաբաթ։ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչների կարծիքով՝ գործողությունը կարող է ավարտվել ինչպես նշված ժամկետից շուտ, այնպես էլ ուշ, հայտնում է հեռուստաալիքը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական հանրապետության ղեկավարության որոշ այլ առանցքային դեմքեր։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ թիրախները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է վեցի։ Նրանք զոհվել են Իրանի առաջին պատասխան հարվածների հետևանքով և մինչ այդ համարվում էին անհետ կորած։