Լրահոս
Միջազգային
19:19
02.07.26
209

Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել

Img default alt hy

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պետք է հրատապ կերպով հրավիրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ կապված իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) պատգամավոր Ռադու Մարիանի և երկրում գործող խարդախ զանգերի կենտրոնների (call-centers) կազմակերպչի հետ ունեցած կապերի մասին ընդդիմության հայտարարությունների հետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է արդարադատության նախկին նախարար և պետության ղեկավարի նախկին խորհրդական Օլեսյա Ստամատեն։

«Մայա Սանդուն պետք է հրատապ հրավիրի Ազգային անվտանգության խորհուրդը։ Տեղեկատվության և անվտանգության ծառայության [ՏԱԾ] տնօրենը, ով նույնպես հիշատակվել է այս բացահայտումներում, պարտավոր է հանդես գալ հրապարակային ասուլիսով և բացատրություններ տալ։ Եվ երրորդ՝ ակնհայտ է, որ դատախազությունը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի։ Սպասում ենք»,- լրագրողներին ասել է Ստամատեն, որը ղեկավարում է «Կառուցում ենք վստահություն» հասարակական շարժումը։

Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ մոլդովական Jurnal TV հեռուստաալիքի եթերում «Մեր կուսակցության» առաջնորդ, պատգամավոր Ռենատո Ուսատին հայտարարեց, որ իրավապահ մարմինները ծածկում են երկրում գործող և հազարավոր քաղաքացիների թալանած խարդախ զանգերի կենտրոնների ցանցը։ Նրա խոսքով՝ այդ հանցավոր խմբավորումների առաջնորդներից մեկը Սորին Գուզգանն է՝ «Գուզյա» մականունով, որի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է պատգամավոր Մարիանը։ Ավելին, Ուսատիի պնդմամբ՝ Գուզյան հունիսի 12-ին մասնակցել է հեռախոսային խարդախության դեմ պայքարի վերաբերյալ խորհրդարանական հանրային լսումներին, որոնք հենց կազմակերպել էր Մարիանը։ Ուսատին խոստովանել է, որ ինքը, ինչպես և նիստի մյուս մասնակիցները, շոկի մեջ են եղել տեղի ունեցածից։

Ուսատին իր մեղադրանքներն ամրապնդել է տեսագրություններով, որոնք արդեն հայտնվել են լրատվամիջոցների տրամադրության տակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է Գուզգանը բարեկամաբար ձեռքսեղմում խորհրդարանի նախագահ և իշխող կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուին, նա նաև պատկերված է գիշերային ակումբներից մեկում՝ պատգամավոր Մարիանի, կրթության նախարար Դան Պերչունի և իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին։

Բացի այդ, Ուսատին մոլդովական հատուկ ծառայությունների ղեկավարությանը մեղադրել է խարդախ զանգերի կենտրոններին իշխանությունների առնչությունը կոծկելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ ՏԱԾ տնօրեն Ալեքսանդր Մուստյացեն ստացել է բազմամսյա հետաքննության տեսանյութերը, որոնցում երևում էր իր ենթական՝ ՏԱԾ վարչություններից մեկի պետ Սորին Ժոսանը, ով հրահանգավորում էր խարդախներին։ Ուսատիի պնդմամբ՝ հետաքննություն անցկացնելու փոխարեն Մուստյացեն պարզապես ստիպել է Ժոսանին գաղտնի ազատվել աշխատանքից։ Լրագրողների՝ Մուստյացեի հետ կապ հաստատելու և բացատրություն ստանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Ավելի վաղ Ուսատին տվյալներ էր հրապարակել հեռախոսային խարդախներին հովանավորող միջազգային հանցավոր խմբավորումներից մեկի հանցագործությունների մասշտաբների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դրանց զոհ են դարձել աշխարհում մոտ 1 միլիոն մարդ։ Մոլդովայում վերջին մի քանի տարիների ընթացքում խաբվել է մոտ 100 հազար մարդ, որոնք կորցրել են մոտ 56 միլիոն դոլար։