Լրահոս
Միջազգային
11:45
02.07.26
47

Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար

Img default alt hy

Պենտագոնը մոտ 2000 ամերիկացի զինծառայող է ներգրավել Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնության ցուցաբերման հետ կապված տարբեր խնդիրների կատարմանը։ Այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանը։

«Ներկայումս ԱՄՆ ԶՈՒ-ն և պատերազմի նախարարությունը այս տարածաշրջանում ունեն մոտ 2000 զինծառայող, նրանք գործում են ցամաքում, օդում, ծովում, ինչպես նաև տեղակայված են Վենեսուելայի շուրջ։ Նրանք ամենօրյա ջանքեր են գործադրում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու, [երկրաշարժի] հետևանքների վերացմանը օգնելու, ինչպես նաև անհրաժեշտ բեռների առաքումն ապահովելու համար», - նշել է Դոնովանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում։

Ինչպես հստակեցրել է գեներալը, ԱՄՆ-ն «Վենեսուելայում և դրա շուրջ գործողություններին աջակցելու համար» նաև կիրառում է ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ցամաքային տեխնիկա և նավեր։ Դոնովանը հավաստիացրել է, որ ամերիկացի զինծառայողները այդ խնդիրները կատարելուց հետո «կլքեն Վենեսուելան և կվերադառնան տարածաշրջանում իրենց ընթացիկ գործողություններին»։ ԱՄՆ ԶՈՒ Հարավային հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտին ներառում է Կենտրոնական և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Կարիբյան տարածաշրջանը։

Reuters գործակալությունը հունիսի 30-ին հայտնել էր՝ վկայակոչելով Դոնովանին, որ ԱՄՆ-ն ավելի քան 900 զինվորական է տեղակայել անմիջապես Վենեսուելայում՝ օգնություն ցուցաբերելու համար։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել են 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին տվյալներով՝ տարերքի հարվածի հետևանքով զոհվել է 2295 մարդ։