Լրահոս
Միջազգային
21:27
30.06.26
120

«Իսրայելական բանակը չի հեռանա Լիբանանից, քանի դեռ այնտեղից սպառնալիք է տեսնում»․ Նեթանյահուն այցելել է «անվտանգության գոտի»

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը այցելել են Լիբանանի հարավ։ Ինչպես հայտնել է վարչապետի գրասենյակը, նրանք այցելել են իսրայելական բանակի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ շրջաններ՝ այսպես կոչված «անվտանգության գոտի»։

Այցի ընթացքում նրանք խորհրդակցություններ են անցկացրել բանակի հրամանատարության հետ, երկրի ղեկավարությանը զեկուցվել է օպերատիվ իրավիճակի մասին։ Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իսրայելական բանակը չի հեռանա Լիբանանի տարածքից, քանի դեռ այնտեղից սպառնալիք է տեսնում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված խմբավորումների կողմից։

«Քանի դեռ «Հեզբոլլահը» այստեղ է և սպառնում է մեզ, մենք կմնանք։ Մեր հրահանգը մարտիկներին [Իսրայելի պաշտպանության բանակին] հետևյալն է՝ եթե սպառնալիք եք տեսնում, գործե՛ք», - ասել է Նեթանյահուն՝ դիմելով զինվորականներին։

Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջել էին Լիբանանում լիակատար հրադադար և այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Իսրայելի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ չեն դուրս բերի բանակը Լիբանանից այնքան ժամանակ, քանի դեռ հրեական պետությունը իր հյուսիսային շրջանների համար սպառնալիք է տեսնում «Հեզբոլլահի» ջոկատների կողմից, իսկ իսրայելական զորքերը շարունակում են պահել Հարավային Լիբանանում զբաղեցրած դիրքերը և այնտեղ ունեն «գործողությունների լիակատար ազատություն»՝ «ծագող սպառնալիքները վերացնելու» համար։

Հունիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եհիել Լեյթերի և Նադա Համմադե-Մուավվադի հետ միասին հայտարարեց հինգ փուլ բանակցություններից հետո կողմերի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրի մասին։ Ըստ դրա՝ իսրայելական զորքերը սկզբնական փուլում պետք է Լիթանի գետից հարավ և հյուսիս գտնվող երկու գոտիների վերահսկողությունը փոխանցեն Լիբանանի բանակին։ Աստիճանաբար Լիբանանի զինված ուժերը կվերականգնեն «ինքնիշխան վերահսկողությունը ամբողջ տարածքի նկատմամբ»։ Զինաթափվելու են ոչ կառավարական կազմավորումները, և վերացվելու է դրանց ռազմական ենթակառուցվածքը, ինչը պայմաններ կստեղծի ապագայում իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման համար։