Լրահոս
Միջազգային
10:40
05.03.26
71

Պատերազմն Իրանում կարող է տևել մինչև սեպտեմբեր․ Politico

Img default alt hy

Պատերազմն Իրանում կարող է տևել մինչև սեպտեմբեր, գրում է Politico-ն։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից պահանջել է ռազմական հետախուզության լրացուցիչ անձնակազմ՝ Իրանի դեմ գործողություններին առնվազն 100 օր, իսկ հավանաբար՝ մինչև սեպտեմբեր աջակցելու համար։

Հրատարակության համաձայն՝ խոսքը Տամպայում (Ֆլորիդա նահանգ) գտնվող հրամանատարության շտաբ լրացուցիչ հետախուզության սպաներ ուղարկելու մասին է, որը համակարգում է ԱՄՆ գործողությունները Մերձավոր Արևելքում։

Ինչպես նշում է Politico-ն, սա վարչակազմի կողմից հետախուզական անձնակազմի ընդլայնման առաջին հայտնի հարցումն է՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Այսինքն՝ գործողությունը կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քան Թրամփի կողմից ի սկզբանե հնչեցված չորս շաբաթյա ժամկետը։

Պարբերականը հավելում է, որ անձնակազմի և ռեսուրսների հրատապ ավելացումը վկայում է այն մասին, որ «Թրամփի թիմը լիովին չէր կանխատեսել այն պատերազմի մասշտաբային հետևանքները, որն ինքն սկսել է Իսրայելի հետ միասին»։