Լրահոս
Միջազգային
21:40
07.07.26
56

Գրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետ

Img default alt hy

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկությունը։ Նա ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովում հայտարարել է, որ կղզին չի վաճառվում։

«Իհարկե, Գրենլանդիան չի վաճառվում, մենք դրա մասին հստակ հայտարարել ենք հենց սկզբից,- մեջբերում է Ֆրեդերիկսենի խոսքերը Ritzau գործակալությունը:- Դա տեղի չի ունենա։ Գրենլանդիան շատ հստակ հայտարարել է, որ չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։ Եվ ես ակնկալում եմ, որ բոլորը կհարգեն մեր՝ որպես թագավորության, ինքնիշխանությունը»։

Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իր երկիրը ԱՄՆ-ի հետ ռազմական լավ համագործակցություն ունի։ «Մենք ամերիկացիների հետ լավ համագործակցություն ունենք Արկտիկայում անվտանգության հարցերի շուրջ։ Մենք կցանկանայինք ընդլայնել այն։ Մենք նաև աշխատանքային խմբեր ունենք, որոնք ներկայումս ուսումնասիրում են հենց այդ հարցը։ Բայց Գրենլանդիան չի վաճառվում»,- կրկնել է Ֆրեդերիկսենը։

Նա ընդգծել է, որ Դանիան զգալի չափով կատարում է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի՝ ՀՆԱ-ի 5%-ի չափով թիրախային ցուցանիշը։ Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել դաշինքի արտաքին սպառնալիքներին։ «ՆԱՏՕ-ից դուրս շատ թշնամիներ կան, մեզ ՆԱՏՕ-ի ներսում ներքին թշնամանք պետք չէ,- նշել է վարչապետը:- Եթե մենք լավագույնն ենք ուզում ՆԱՏՕ-ի մեր երկրների համար, ապա պետք է միասնական լինենք»։

Ֆրեդերիկսենը նաև հայտարարել է, որ Անկարայում կայանալիք հանդիպմանը չի պատրաստվում Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարությունները։ «Հյուսիսային ծայրահեղության, Արկտիկայի կամ, մասնավորապես, Գրենլանդիայի շուրջ քննարկումներ նախատեսված չեն,- ասել է նա:- Ես ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն այսօր մեծ պատասխանատվություն է ստանձնում Արկտիկական տարածաշրջանի համար։ Դա բացարձակապես անհրաժեշտ է»։

Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ «Այն պետք է վերահսկեն ԱՄՆ-ը, այլ ոչ թե Դանիան»,- ասել էր նա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփի խոսքով՝ Գրենլանդիան «ԱՄՆ-ի համար աշխարհի կարևոր մաս է»։ «Նրա շուրջ չինական և ռուսական նավեր են»,- պնդել էր ամերիկացի առաջնորդը։