Լրահոս
Հասարակական
10:20
12.10.25
917

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած սպանությունից հետո այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ

Img default alt hy

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված՝ Կոտայքի Թեմի Բարձրաշնորհ Առաջնորդ Տեր Առաքել աքեպս. Քարամյանի տնօրինությամբ այսօր՝ ժամը 10:30-ին, կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման (սրբման) կարգ։

«Հաջորդիվ՝ ժամը 11:00-ին, կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանի ձեռամբ։

Աղոթքով միասին հայցենք Տիրոջից, որ Նրա խաղաղությունն ու ողորմությունը բնակվեն մեր սրտերում և մեր Սուրբ տանը։ Քանզի գրված է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մի մտքից, պիտի պահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսով» (Փիլիպպեցիներ )։

«Երանի խաղաղություն հաստատողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթեոս )։

Թո'ղ Սուրբ Հոգին կրկին հաստատի խաղաղությունը մեր համայնքում, լցնի մեզ սիրով, համերաշխությամբ և փոխադարձ ներողամտությամբ»,- ասվում է Կոտայքի թեմի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Վերջինը հիվանդանոցում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։