Լրահոս
Միջազգային
16:15
09.07.26
194

Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին

Img default alt hy

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից որպես նվեր ստացել է վեց մարտական փամփուշտով թմբուկավոր ատրճանակ. նախատեսվում է զենքը հանձնել թանգարան։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը։

Նա պարզաբանել է, որ Էրդողանի նվերը կվնասազերծեն՝ ատրճանակի հարվածիչը կհեռացնեն, փողը կծակեն և «կփոխանցեն թանգարան»։ «Հրազենն անվտանգ կտեղափոխվի և կուղարկվի պահեստավորման,- նշել է Ջիլը,- Ես կարող եմ ասել ձեզ, որ Եվրահանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին այս նվերի համար։ Այն բանից հետո, երբ այն վնասազերծվի, նախագահ ֆոն դեր Լայենը մտադիր է այն հանձնել թանգարան»։

Ավելի վաղ եվրոպական «Politico» պարբերականը հայտնել էր, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բոլոր հյուրերին հանձնել է թանկարժեք տուփերով փորագրված թմբուկավոր ատրճանակներ՝ վեց մարտական փամփուշտով։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նախագահ Էրդողանի հետ բարդ անձնական հարաբերություններ ունի 2021 թվականի «սոֆա-գեյթ» կամ «դիվանային սկանդալ» անունով հայտնի միջադեպից հետո։ Այն ժամանակ Անկարա կատարած այցի ընթացքում պաշտոնական հանդիպման ժամանակ Էրդողանը և Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելը նստել էին իրենց համար նախապատրաստված բազկաթոռներին, իսկ ֆոն դեր Լայենը պատվիրակության մնացած անդամների հետ մնացել էր կանգնած։ Չնայած արարողակարգին՝ նա իր վրդովմունքն էր արտահայտել, որից հետո նրան նստեցրել էին կողքին գտնվող դիվանին։

Եվրահանձնաժողովի աղբյուրները պնդում էին, որ այս պատմությունը Եվրահանձնաժողովի ղեկավարին զայրացրել է, իսկ նրա հարաբերությունները Շառլ Միշելի հետ, որը նրան տեղ չէր զիջել, բնորոշվում էին ոչ այլ կերպ, քան ատելություն։ Սրա հետևանքը, մասնավորապես, այն էր, որ ֆոն դեր Լայենը մասնակցություն է ունեցել Միշելի՝ 2024 թվականին ԵՄ գագաթնաժողովում Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով վերանշանակվելու փորձի տապալմանը և նրա փոխարինմանը Անտոնիու Կոշտայով։