Լրահոս
Հայաստան
18:05
26.04.21
113

2021-ի Փաշինյանն ընդդեմ 2018-ի Փաշինյանի. ԺՊ-ի առեղծվածը. tert.am

Վարչապետ Փաշինյանի առաջ քաշած 3 սխալ թեզ՝ Սահմանադրության հոդվածներին լավ չտիրապետելու կամ սուտ խոսելու հետևանքով: 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ երկրի վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց 3 տարի հետո հակառակը պնդեց:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի խոսքով՝ Փաշինյանը հետևողական չէ իր դիրքորոշումներում, և  բոլորի համար պարզ ու հասկանալի է, որ իրավունքը Փաշինյանի համար ընդամենը գործիք է իր սեփական նպատակներին ծառայեցնելու համար, այլ ոչ թե արժեք:

Իր հրաժարականի տեքստում Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածել՝ ասելով, թե ընտրությունների ընթացակարգը ապահովելու նպատակով «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ներկայացնի իրենց թեկնածուին, հետևաբար, ինքը պիտի 2 անգամ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, որից հետո վարչապետ չեն ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, հետևաբար, կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վարդան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրության դրույթներում չկա նման պահանջ. այնտեղ հստակ սահմանված է, որ դա մի դեպքում խմբակցությունների իրավունքն է, մյուս դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի իրավունքն է, բայց ոչ պարտականություն:

Սահմանադրագետը կարծում է, որ Փաշինյանը պարզապես վստահ չէ, որ իր կուսակցության պատգամավորները կքվեարկեն այնպես, որ չվնասեն իր քաղաքական շահերը. «Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լինել ընտրությունների երաշխավորը, ուրեմն՝ քաղաքական առումով առավել, քան պարզ ու հասկանալի է, որ չպետք է կատարի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, քանի որ չի կարող լինել և՛ դատավոր, և՛ խաղացող», - համոզված է մասնագետը: