Լրահոս
Միջազգային
13:15
12.01.26
103

Թրամփը կարող է աշխարհը հետ շպրտել կայսրությունների դարաշրջան. Սիվիլնեթ՝ ըստ BBC-ի վերլուծության

Img default alt hy

«Սիվիլնեթ»-ը գրում է․

«BBC-ն ծավալուն վերլուծություն է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական նոր կուրսի՝ այսպես կոչված «Դոնրոյի դոկտրինի» վերաբերյալ։ Հոդվածում նկարագրվում է, թե ինչպես է Վենեսուելայում իրականացված հատուկ գործողությունը և Մադուրոյի տապալումը դարձել Թրամփի՝ ուժի վրա հիմնված քաղաքականության խորհրդանիշը։ Ըստ BBC-ի՝ ԱՄՆ նախագահը հրաժարվում է ավանդական դաշինքներից և կարող է աշխարհը հետ շպրտել «կայսրությունների դարաշրջան», որտեղ գերիշխում է ոչ թե օրենքը, այլ կոպիտ ուժը։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հիացմունքով էր խոսում այն մասին, թե ինչ զգացողություններ է ունեցել՝ հետևելով այդ գրոհին ուղիղ եթերում՝ իր Մար-ա-Լագո նստավայրից:

Fox News-ին տված հարցազրույցում նա կիսվել է իր էմոցիաներով։ «Եթե դուք տեսնեիք այդ արագությունը, այդ սրընթացությունը… Դա ցնցող էր, պարզապես ցնցող: Այդ մարդիկ անհավանական աշխատանք կատարեցին: Մեկ ուրիշը չէր կարողանա անել նման բան»,- ասել է Թրամփը:

Թրամփին հաղթանակներ են պետք

ԱՄՆ նախագահին արագ հաղթանակներ են պետք: Դեռևս մինչև իր երկրորդ պաշտոնավարման սկիզբը նա պարծենում էր, որ կկարողանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտել ընդամենը մեկ օրում:

Թրամփի մեկնաբանմամբ՝ Վենեսուելան հենց այն արագ և վճռական հաղթանակն է, որին նա այդքան տենչում էր:

Մադուրոն գտնվում է Բրուքլինի բանտախցում, ԱՄՆ-ն «կառավարելու է» Վենեսուելան, իսկ ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ «չավիստական ռեժիմը»՝ արդեն նոր նախագահով, ԱՄՆ-ին կփոխանցի միլիոնավոր բարել նավթ, և ինքն անձամբ կվերահսկի, թե ինչպես է ծախսվելու շահույթը:

Եվ այս ամենը, առնվազն առայժմ, առանց ամերիկացիների շրջանում կորուստների և առանց երկարատև օկուպացիայի, որպիսին 2003-ին Իրաք ներխուժումից հետո ունեցած աղետալի հետևանքներն էին:

Այս պահին Թրամփը և նրա խորհրդականները, առնվազն հրապարակավ, անտեսում են վենեսուելական իրականության բարդությունը: Սա մի երկիր է, որը տարածքով գերազանցում է Գերմանիային և կառավարում է խմբավորումների ռեժիմը, որը կոռուպցիան և բռնաճնշումները խորապես արմատավորել է երկրի քաղաքական կյանքում:

Դրա փոխարեն Թրամփը գտնվում է «աշխարհաքաղաքական էքստազի» մեջ: Դատելով Մար-ա-Լագոյում նրա կողքին գտնվող պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարություններից՝ նրանք նույն զգացողություններն ունեն:

Այդ պահից ի վեր նրանք բազմիցս կրկնել են, որ Թրամփն այն նախագահն է, որն անում է այն, ինչ խոստանում է:

Նա հստակ հասկացրել է Կոլումբիային, Մեքսիկային, Կուբային, Գրենլանդիային, ինչպես նաև Դանիային, որ ժամանակն է սկսել անհանգստանալ՝ գուշակելով, թե ուր կտանի նրա ախորժակը հաջորդ անգամ:

«Դոնրոյի դոկտրին»

Թրամփը սիրում է մականուններ: Նա մինչ օրս իր նախորդին անվանում է «Քնկոտ Ջո» Բայդեն: Այժմ նա փորձում է վերանվանել Մոնրոյի դոկտրինը, որը երկու դար շարունակ եղել է Լատինական Ամերիկայում ԱՄՆ քաղաքականության հիմքը:

Թրամփն այն վերանվանել է, իհարկե, ի պատիվ իրեն՝ «Դոնրոյի դոկտրին»:

ԱՄՆ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոն իր դոկտրինը հռչակել է 1823-ի դեկտեմբերին: Այն հռչակում էր Արևմտյան կիսագունդը Ամերիկայի շահերի գոտի, իսկ եվրոպական տերություններին զգուշացնում, որպեսզի չմիջամտեն և այնտեղ նոր գաղութներ չստեղծեն:

«Դոնրոյի դոկտրինը» Մոնրոյի այդ երկդարյա ուղերձը բարձրացնում է բոլորովին այլ մակարդակի:

«Մոնրոյի դոկտրինը լուրջ է, բայց մենք զգալիորեն գերազանցել ենք այն»,- հայտարարել է Թրամփը Մար-ա-Լագոյում, այն ժամանակ, երբ աչքերը կապած և ձեռնաշղթաներով Մադուրոյին արդեն տանում էին բանտ:

«Մեր ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում ամերիկյան գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում այլևս երբեք կասկածի տակ չի դրվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ցանկացած մրցակից կամ նա, ով պոտենցիալ վտանգ է ներկայացնում, նախևառաջ Չինաստանը, պետք է հեռու մնա Լատինական Ամերիկայից: Ընդ որում, անհասկանալի է մնում, թե ինչ կլինի այն մեծածավալ ներդրումների հետ, որոնք Չինաստանն արդեն կատարել է տարածաշրջանում:

Դոնրոյի դոկտրինն ընդլայնում է ամերիկյան «հետնաբակի» հասկացությունը նաև դեպի հյուսիս՝ ընդհուպ մինչև Գրենլանդիա:

Մոնրոյի դոկտրինի բնօրինակը գրված է ԱՄՆ հինգերորդ նախագահի ձեռագրով: 2026 թվականին դրա մարմնավորումը դարձավ 45-րդ և 47-րդ նախագահ Թրամփի խոժոռ, մռայլ լուսանկարը, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի սոցցանցերում: Լուսանկարի մակագրությունն ասում է. «Սա ՄԵՐ կիսագունդն է, և նախագահ Թրամփը թույլ չի տա սպառնալ մեր անվտանգությանը»:

Սա նշանակում է ԱՄՆ ռազմական և տնտեսական հզորության օգտագործում այն երկրների և առաջնորդների վրա ճնշում գործադրելու համար, որոնք դուրս են գալիս թույլատրելիի սահմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ռեսուրսները բռնագրավելու համար: Ինչպես Թրամփը զգուշացրել է հնարավոր հասցեատերերից մեկին՝ Կոլումբիայի նախագահին, «զգույշ եղեք այնտեղ» (Թրամփն օգտագործել է ժառգոնային արտահայտություն, որը բառացի թարգմանությամբ նշանակում է՝ «հետույքդ պահի»):

Գրենլանդիան ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն Արկտիկայում իր ռազմավարական նշանակության, այլև հարուստ հանքային ռեսուրսների պատճառով, որոնք սառցադաշտերի հալվելուն զուգընթաց դառնում են ավելի հասանելի: Գրենլանդիայի հազվագյուտ հողային տարրերը և Վենեսուելայի ծանր նավթը դիտարկվում են որպես ԱՄՆ ռազմավարական ակտիվներ:

Ի տարբերություն ամերիկյան այլ նախագահ-ինտերվենտների՝ Թրամփը չի քողարկում իր գործողությունները օրինականությամբ (թեկուզև կասկածելի)՝ միջազգային իրավունքի տեսանկյունից կամ ժողովրդավարության առաջխաղացման մասին հռետորաբանությամբ: Միակ օրինականությունը, որը նրան պետք է, բխում է սեփական կամքի ուժի հանդեպ հավատից՝ ամրապնդված ամերիկյան կոպիտ ուժով:

Դոկտրինների նշանակությունն ԱՄՆ նախագահների համար

Մոնրոյից մինչև Դոնրո. արտաքին քաղաքական դոկտրինները նշանակություն ունեն ԱՄՆ նախագահների համար: Դրանք պայմանավորում են նրանց գործողությունները և ձևավորում պատմական ժառանգությունը:

Հուլիսին ԱՄՆ-ն կնշի իր 250-ամյակը: 1796 թվականին երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը հայտարարեց, որ չի առաջադրվելու երրորդ ժամկետով, և հանդես եկավ հրաժեշտի ուղերձով, որը մինչ օրս արդիական է:

Նա մի շարք նախազգուշացումներ արեց ԱՄՆ-ի ապագայի և աշխարհում նրա տեղի վերաբերյալ:

Նա կարծում էր, որ պատերազմի ժամանակ ժամանակավոր դաշինքները կարող են անհրաժեշտ լինել, բայց մնացած ժամանակ Միացյալ Նահանգները պետք է խուսափի այլ պետությունների հետ մշտական դաշինքներից: Այսպես դրվեց մեկուսացման (իզոլյացիոնիզմի) ավանդույթը:

Երկրի ներսում նա քաղաքացիներին զգուշացնում էր չափազանց կուսակցական կողմնապահությունից: Պառակտումը, հասարակության մեջ տարաձայնությունը, ասում էր նա, վտանգ են ներկայացնում երիտասարդ ամերիկյան հանրապետության համար:

Սենատն ամեն տարի հրապարակավ վերընթերցում է Վաշինգտոնի հրաժեշտի ճառը. սա մի ծես է, որը, սակայն, դժվարությամբ է համահունչ ժամանակակից Ամերիկայի գերկուսակցական և բևեռացված քաղաքականությանը:

Պարտավորեցնող դաշինքների վտանգի մասին Ջորջ Վաշինգտոնի նախազգուշացումը պահպանվեց 150 տարի: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն հեռացավ Եվրոպայից և կրկին վերադարձավ մեկուսացման ռազմավարությանը:

Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը Միացյալ Նահանգները վերածեց գլոբալ տերության: Եվ այստեղ հայտնվում է մեկ այլ դոկտրին՝ շատ ավելի նշանակալից այն բանի համար, թե ինչպես էին ապրում եվրոպացիները, առնվազն մինչև Թրամփը:

1947 թվականին Խորհրդային Միության հետ Սառը պատերազմը դարձավ իսկապես «սառը»: Պատերազմի հետևանքով աղքատացած Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին հայտնեց, որ այլևս չի կարող ֆինանսավորել հունական կառավարության պայքարը կոմունիստների դեմ:

ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Հարի Տրումենի պատասխանը եղավ պարտավորության ստանձնումը՝ աջակցելու, իր իսկ բնորոշմամբ, «այն ազատ ժողովուրդներին, որոնք դիմադրում են զինված փոքրամասնությունների կամ արտաքին ճնշման միջոցով իրենց հպատակեցնելու փորձերին»: Նա նկատի ուներ Խորհրդային Միությունից կամ ներքին կոմունիստական շարժումներից բխող սպառնալիքները:

Այսպես առաջացավ Տրումենի դոկտրինը: Այն հանգեցրեց Մարշալի պլանի իրականացմանը, որը վերականգնեց Եվրոպան, իսկ այնուհետև՝ 1949 թվականին՝ ՆԱՏՕ-ի ստեղծմանը: ԱՄՆ-ում ատլանտիստները, ինչպիսիք էին Հարի Տրումենը և Ջորջ Քենանը (դիվանագետ, որն առաջարկել էր Խորհրդային Միության «զսպման» գաղափարը), կարծում էին, որ այդ պարտավորությունները բխում են Ամերիկայի շահերից:

Այսպիսով, ուղիղ կապ կա Տրումենի դոկտրինի և Ուկրաինայի ռազմական կարիքները ֆինանսավորելու Ջո Բայդենի որոշման միջև:

Շատ առումներով հենց Տրումենի դոկտրինն է ձևավորել հարաբերությունները Եվրոպայի հետ, որոնք Դոնալդ Թրամփն այժմ ապամոնտաժում է: Դա կտրուկ խզում էր անցյալի հետ. Տրումենն անտեսեց Ջորջ Վաշինգտոնի նախազգուշացումը մշտական, պարտավորեցնող դաշինքների վտանգի մասին:

Այժմ Թրամփը խզում է կապերը Տրումենի ժառանգության հետ: Եթե նա իրականացնի իր սպառնալիքը՝ այս կամ այն կերպ վերահսկողություն սահմանել Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնիշխան տարածքի նկատմամբ, դա կարող է ոչնչացնել այն, ինչ դեռ մնացել է տրանսատլանտյան դաշինքից:

MAGA-ի գաղափարախոս և Թրամփի ազդեցիկ խորհրդական Սթիվեն Միլլերը CNN-ի եթերում դա ձևակերպել է չափազանց անկեղծ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գործում է իրական աշխարհում, որը «կառավարվում է ուժով, կառավարվում է հարկադրանքով, կառավարվում է իշխանությամբ. սրանք աշխարհի երկաթե օրենքներն են ժամանակների սկզբից ի վեր»:

Ուժի անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի և ոչ մի նախագահ չի հերքի ուժի և հզորության անհրաժեշտությունը: Սակայն սկսած Ֆրանկլին Ռուզվելտից ու Հարի Տրումենից՝ մինչև Թրամփին նախորդած բոլոր առաջնորդները համոզված էին, որ հզոր լինելու լավագույն ճանապարհը դաշինքներ գլխավորելն է, ինչը ենթադրում է փոխզիջումներ և փոխադարձ զիջումներ:

Նրանք սատարեցին ՄԱԿ-ի ստեղծմանն ու պետությունների վարքագիծը կարգավորող կանոնների մշակման համընդհանուր ջանքերին: Իհարկե, ԱՄՆ-ն բազմիցս անտեսել և խախտել է միջազգային իրավունքը՝ շատ առումներով խարխլելով կանոնների վրա հիմնված աշխարհակարգի բուն գաղափարը:

Սակայն Թրամփի նախորդները չէին փորձում լիովին հրաժարվել միջազգային համակարգի կարգավորման անհրաժեշտության գաղափարից, որքան էլ որ այն անկատար և թերի լիներ:

Դրա պատճառը 20-րդ դարի առաջին կեսին գործող «ուժեղի իրավունքի» աղետալի հետևանքներն էին՝ երկու համաշխարհային պատերազմ և միլիոնավոր զոհեր:

Մինչդեռ Թրամփի «Ամերիկան՝ առաջին հերթին» գաղափարախոսության և նրա՝ զուտ գործարքների վրա հիմնված գործարար, ձեռքբերողական մտածելակերպի համադրումը նրան հանգեցրել է այն համոզման, որ դաշնակիցները պետք է վճարեն ԱՄՆ բարեհաճության արտոնության դիմաց:

«Ընկերություն» բառն այստեղ չափազանց ճոխ է հնչում: Ամերիկայի շահերը՝ նախագահի պատկերացրած նեղ ընկալմամբ, պահանջում են մնալ գլխավոր խաղացող՝ գործելով միայնակ:

Թրամփը հաճախ է փոխում իր կարծիքը: Բայց անփոփոխ է մնում նրա հավատն առ այն, որ ԱՄՆ-ն կարող է իր ուժն օգտագործել անպատիժ: Նա պնդում է, որ հենց այդպես կարելի է Ամերիկան կրկին հզոր դարձնել:

Վտանգն այն է, որ եթե Թրամփը շարունակի հետևել այս ուղեգծին, նա կարող է աշխարհը հետ շպրտել դեպի մեկ դար վաղեմություն ունեցող կայսրությունների դարաշրջան, երբ ազդեցության սեփական ոլորտներն ունեցող գերտերությունները պարտադրում էին իրենց կամքը, իսկ հզոր ավտորիտար ազգայնականներն իրենց ժողովուրդներին տանում էին դեպի կործանում»: