Լրահոս
Միջազգային
20:35
05.03.26
78

Թրամփը հիասթափված է Սթարմերից և Բրիտանիայից

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ շատ հիասթափված է Մեծ Բրիտանիայից և նրա վարչապետ Կիր Սթարմերից՝  Իրանի հետ Միացյալ Նահանգների և Իսրայելի հակամարտությունում ամերիկացի զինվորականներին աջակցելու Լոնդոնի նախնական մերժման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մեծ Բրիտանիան շատ հիասթափեցնող է։ Նրա (Սթարմերի - խմբ.) վարքագիծը շատ հիասթափեցնող էր»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը New York Post թերթին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Սթարմերը պետք է առանց հարցերի ու տատանումների ԱՄՆ-ին տրամադրեր ռազմաբազաները։

«Մենք միանշանակ պետք է հույս դնեինք նրանց վրա։ Ես շատ զարմացած էի Կիրից։ Շատ հիասթափված եմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ Սթարմերին չի համարում Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլ։

Ավելի վաղ Թրամփն արդեն խոստովանել էր, որ Սթարմերը «Ուինստոն Չերչիլը չէ»։ Այսպես էր ամերիկյան առաջնորդը մեկնաբանել Լոնդոնի սկզբնական մերժումը՝ ԱՄՆ զինվորականներին տրամադրել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական բազան՝ ռազմավարական ռմբակոծիչների վայրէջքի համար։

Սթարմերը կիրակի հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան ընդունել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ օգտագործել իր ռազմաբազաները Իրանի հրթիռային պահեստներին հարվածներ հասցնելու համար։ Թրամփը համարել է, որ որոշման ընդունումը բրիտանացի վարչապետից «չափազանց շատ ժամանակ» է խլել։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։