Լրահոս
Միջազգային
18:15
10.03.26
108

Թուրքիայում հայտարարել են, որ Նեթանյահուի քաղաքականությունը աշխարհը ներքաշում է «հիտլերականության խավարի» մեջ

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունը մարդկությանը ներքաշում են «հիտլերականության խավարի» նոր փուլ, և նա պետք է կանգնի դատարանի առաջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ փակ նիստի մեկնարկից առաջ, որի ընթացքում հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները օրենսդիրներին կտեղեկացնեն Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ագրեսիան դիվանագիտական լուծումների որոնման ընթացքում ոչ թե խաղաղ մտադրություն է, այլ կործանման ձգտում։ Նման մոտեցումը խարխլում է վստահությունը ցանկացած ապագա բանակցային մեխանիզմի նկատմամբ։ Տվյալ համատեքստում իրական խնդիրը ագրեսիվ և անօրինական սիոնիստական մտածողությունն է, որն այսօր իր վերահսկողության տակ է վերցրել Իսրայելի կառավարությունն ու նրա կողմնակիցներին։ Դա անհրաժեշտ է փոխել։ Մենք ուզում ենք, որ նրանք, ովքեր փորձում են Նեթանյահուին ներկայացնել որպես երկրորդ Դավիթ, հասկանան, որ իրականում դրանով նրանք խրախուսում են վայրագությունը, որը մարդկությանը ներքաշում է հիտլերականության երկրորդ խավարի մեջ», - ասել է Քուրթուլմուշը։

Նեթանյահուն, նրա համոզմամբ, «պետք է կանգնի պատմության ամենախիստ դատարանի առաջ»։ «Մեր քննադատությունն ուղղված չէ որևէ կոնկրետ ժողովրդի դեմ, այլ՝ հանցագործությունների, որոնք հավասարազոր են ցեղասպանության։ Մենք դեմ ենք ագրեսիային և քաղաքական մոլեռանդությանը, որն օրինականացնում է օկուպացիան։ Մենք դեմ ենք պետական իշխանությունը կործանման անսահմանափակ իշխանության վերածելուն», - նշել է խոսնակը:

Քուրթուլմուշը նաև նշել է, որ «միջազգային համակարգի կործանումն այսօր չի սահմանափակվում միայն իրական հակամարտություններով»։ «Մենք բախվում ենք միջազգային համակարգում առկա իսկական համակարգային խնդրի հետ։ Հայտարարվում են հրադադարի մասին համաձայնագրեր, սակայն ռմբակոծությունները շարունակվում են։ Խոսվում է խաղաղության մասին, բայց շրջափակումն ուժեղանում է։ Քննարկվում է անվտանգությունը, բայց թիրախ են դառնում խաղաղ բնակիչները։ Խոսվում է հումանիտար նկատառումների մասին, բայց օգնությունն արգելափակվում է։ Սա ակնհայտորեն քաղաքական մանիպուլյացիաների համակարգ է», - ասել է նա:

Նման իրավիճակում, ինչպես նշել է Քուրթուլմուշը, «խաղաղության հաստատումը և հրադադարի մասին համաձայնագրերի կնքումը բնականաբար դառնում է դժվարին», իսկ «երբ մշուշվում են իրավական և բարոյական կողմնորոշիչները, հարաբերությունները կառուցվում են միայն ուժի դիրքերից»։