Լրահոս
Միջազգային
13:00
26.03.26
316

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական տանկերի վրա կատարված հարձակումը

Img default alt hy

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն հաստատել է Սև ծովում՝ երկրի ափերի մոտ, թուրքական Altura տանկերի վրա կատարված հարձակումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, 24TV հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ ենթադրվում է հարձակում՝ անօդաչու մոտորանավակի կիրառմամբ:

«Տանկերը պատկանում է թուրքական ընկերության։ Նավի մեքենայական բաժանմունքի հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Մենք ենթադրում ենք, որ դրա պատճառը եղել է անօդաչու մոտորանավակի հարվածը։ Մեր մասնագետներն աշխատում են դեպքի վայրում։ Նավի վրա գտնվում է մեր 27 քաղաքացի, նրանք չեն տուժել։ Մենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ուղղել ենք դեպքի վայր և ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։

Ստամբուլյան Pergamon Shipping ընկերությանը պատկանող տանկերը Ռուսաստանից տեղափոխում էր 140 հազար տոննա նավթ։