Լրահոս
Միջազգային
13:45
10.03.26
312

Սպիտակ տունը կսատարի Իրանի նոր առաջնորդի սպանությունը, եթե նա զիջումների չգնա․ WSJ

Img default alt hy

Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կարող է ծրագրել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանության գործողությունը, որը համարվում է զիջումների չգնացող քաղաքական գործիչ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկյան գործող և նախկին պաշտոնյաներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտարարել է, որ կսատարի Մոջթաբա Խամենեիին լիկվիդացնելու գաղափարը, եթե նա պատրաստ չլինի զիջումների գնալ ԱՄՆ-ին։ Մասնավորապես, Թրամփը կցանկանար, որ նոր առաջնորդի օրոք Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում Խամենեիին համարում են կոշտ քաղաքական գործիչ և հույս չունեն, որ նա կհրաժարվի «միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումներից» կամ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարի նրանց համար շահավետ պայմաններով, գրում է պարբերականը։

Թերթի զրուցակիցները հավանական են համարել, որ Խամենեիի վերացման գործողությունը կարող է իրականացնել Իսրայելը։ Հրապարակման մեջ ասվում է, որ հենց Իսրայելն է հասցրել այն ավիահարվածը, որի հետևանքով զոհվել են Մոջթաբա Խամենեիի հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա տիկինը։

Թրամփը մարտի 8-ին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել պնդմամբ, որ իսլամական հանրապետության հաջորդ գերագույն առաջնորդը «երկար չի դիմանա» առանց Վաշինգտոնի կողմից իր թեկնածության հավանության:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Իրանից։ Հարվածների հետևանքով զոհվել են Ալի Խամենեին և հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։