Լրահոս
Միջազգային
15:00
08.03.26
235

Սլովակիան պատրաստ է Հունգարիայի պես արգելափակել Ուկրաինային տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկը. Ռոբերտ Ֆիցո

Img default alt hy

Սլովակիան պատրաստ է, ինչպես և Հունգարիան, արգելափակել Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը՝ Կիևի իշխանությունների՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները վերականգնելու ցանկության բացակայության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook-ում տարածած իր տեսաուղերձում։

«Սլովակիան պատրաստ է արգելափակել Ուկրաինային ԵՄ-ից վարկի տրամադրումը, եթե դրա կարիքը լինի։ Սլովակիան պատրաստ է ստանձնել փոխանցումավազքի փայտիկը Հունգարիայից, եթե անհրաժեշտ լինի։ Այժմ Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո ռազմական վարկը արդյունավետորեն արգելափակված է, բայց ես միամիտ չեմ», - ասել է վարչապետը։ Ըստ նրա՝ Վլադիմիր Զելենսկին խոսում է մատակարարումների վերականգնման մասին մեկուկես ամիս անց, այսինքն՝ Հունգարիայի ընտրություններից հետո, որտեղ նա «հույս ունի ընդդիմության հաղթանակի վրա, որից հետո արևելքից նավթ ստանալու այլևս ոչ մի շանս չի լինի, եթե հունգարական էստաֆետը մեկ ուրիշը չընդունի»։

Եվրոպական վարկի արգելափակումը, ըստ վարչապետի, օրինական գործիք է՝ համայնքի երկրներ նավթի մատակարարումները վերականգնելու համար։ Ֆիցոն մարտի 10-ին Փարիզում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կքննարկի Ուկրաինայի կողմից «Դրուժբա»-ով նավթի մղման դադարեցումը։ Նա կարծում է, որ Բրյուսելը կարող է ստիպել Զելենսկուն թույլ տալ խողովակաշարի իբր վնասված հատվածի տեսչական ստուգումը։ Սլովակիայի կառավարության ղեկավարը նաև կանխատեսում է, որ Կիևը չի վերադարձնի ոչ մի վարկ, որը ստացել է կամ ակնկալում է ստանալ ԵՄ-ից։

Ֆիցոն կարծում է, որ Զելենսկին «ունակ է ոչնչացնել նավթամուղը»։ «Ուկրաինական հատուկ ստորաբաժանումների կողմից «Հյուսիսային հոսք» ստորջրյա գազամուղի ոչնչացումը չէր կարող տեղի ունենալ առանց նրա գիտության»,- ասել է նա։ 

Վարչապետն ընդգծել է. «Ուկրաինայի տարածքով նավթի մատակարարումները մեզ համար կենսական նշանակություն ունեն»։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Զելենսկին «մեզ անընդհատ վնասում է և կարծում է, թե կստիպի փոխել մեր խաղաղ մոտեցումը Ուկրաինայում ռազմական [հակամարտության ավարտի] վերաբերյալ։ Այդ հարցում նա բացարձակապես սխալվում է»։

Ուկրաինան դադարեցրել է նավթի մղումը «Դրուժբա»-ով հունվարի 27-ին։ Սլովակիայի կառավարությունը փետրվարի 18-ին հանրապետությունում նավթային ճգնաժամային իրավիճակ է հայտարարել և ի պատասխան դադարեցրել է վթարային էլեկտրաէներգիայի և դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային։ «Ուկրաինային դիզվառելիքի և վթարային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու մեր որոշումը և Ուկրաինայի համար ռազմական վարկը արգելափակելու հունգարական որոշումը [Կիևի իշխանությունների] հիմար քայլի տրամաբանական հետևանքն են», - այս կապակցությամբ ասել է Ֆիցոն։