Լրահոս
Միջազգային
23:00
26.03.26
177

ՌԴ դեսպանատունը «ծովահենություն» է անվանել նավերը կալանելու Լոնդոնի ծրագրերը

Img default alt hy

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը «ծովահենություն» է անվանել Ռուսաստանի հետ կապված առևտրային նավերը կալանելու Մեծ Բրիտանիայի ծրագրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են երկրի պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են նրա տարածքային ջրերով։ Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների փոխադրմամբ։

«Ռուսական առևտրային նավերի վրա հարձակվելու մտադրությունների մասին անխոհեմ հայտարարություններն ուղղակիորեն վկայում են անվտանգության և միջազգային առևտրի ոլորտում առանց այն էլ լարված իրավիճակն էլ ավելի սրելու ձգտման մասին։ Դա հերքելն անհնար է։ Էական չէ, թե բրիտանական կառավարությունն ինչպիսի իրավական ձևակերպումներ է փորձում տալ ծովահենության այդ գործողություններին. դրանց հիմքում ընկած են միջազգային իրավունքին հակասող միակողմանի պատժամիջոցները»,- ասված է դեսպանատան մեկնաբանության մեջ, որը հայտնվել է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ։

Դիվանագիտական առաքելությունից ընդգծել են, որ նման գործողություններից առաջին հերթին կտուժեն այն երկրները, որոնք այժմ էներգակիրների խիստ կարիք ունեն։

«Նման գործողություններն ունենում են հետևանքներ։ Նավարկությունը դառնում է վտանգավոր բրիտանական ջրերում, որտեղ ցանկացած նավ կարող է տուժել ծովահենային զավթումից։ Ռուսաստանն իր շահերի պաշտպանության համար կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական, իրավական և այլ գործիքները, այդ թվում՝ ասիմետրիկ միջոցներ»,- նշված է մեկնաբանության մեջ։