Ի պատասխան Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, համաձայն որի՝պատերազմի 4-րդ օրը ՀՀԱնվտանգության խորհրդին ինքը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հետևեց Անվտանգության Խորհրդի՝ մի քանի ամիս ուշացած պատասխանը։ ԱԽ գրասենյակը գաղտնազերծեց և հրապարակեց Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ։ Հայտարարության և գաղտնազերծված փաստաթղթի ընտրովի հատվածների բովանդակությունը քննարկման այլ թեմա է։
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները: Անվտանգության խորհրդի մասին ՀՀ Օրենքի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Հետևաբար՝ գաղտնազերծման ողջ գործընթացը տեղի է ունեցել վարչապետի անմիջական կազմակերպմամբ և գլխավորությամբ։
Տրամաբանական պահանջ.
Եթե վարչապետի թույլտվությամբ հրապարակվում է ԱԽ-ի նիստից հատված, ապա պետք է հրապարակվի նաև ազգային աղետի հիմքում դրված ստվերային բանակցությունների և թշնամու կողմից ստվերային առաջարկների հատվածը ևս։
Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը։Սա պետք է դառնա քաղաքական ուժերի և հանրության պահանջը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ