Լրահոս
Միջազգային
23:56
08.03.26
510

Փեզեշքիանը հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա կատարված հարձակմանը

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում երկու ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությունը։

«Մարտի 8-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև։ Ադրբեջանի պետության ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ պատահարը կքննվի»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Իր հերթին, Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետաքննության անհրաժեշտության մասին։

Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Նախիջևանի օդանավակայանի շրջանում Իրանի տարածքից արձակված երկու անօդաչուների ընկնելու մասին։ Վնասվել էր օդանավակայանի շենքը, տուժել էր երկու մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի օդային տարածք ԱԹՍ-ների արձակման մասին տեղեկությունը՝ միջադեպի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա։