Լրահոս
Միջազգային
19:53
26.03.26
130

Մերձավոր Արևելքի ճգնաժամը. ԱՄՆ-ն համոզում է Իրանին ընդունել «խաղաղության պլանը»

Img default alt hy

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իրանը չունի այլընտրանք Միացյալ Նահանգներից ստացված՝ մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկներին։

«Կարող եմ ասել հետևյալը. տեսնենք, թե ուր կտանի իրադարձությունների այս զարգացումը, կհաջողվի՞ մեզ համոզել Իրանին, որ սա բեկումնային պահ է, և նա չունի լավ այլընտրանքներ՝ չհաշված հետագա մահերն ու ավերածությունները»,- հայտարարել է խաղաղապահ առաքելությունների գծով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Մենք տեսնում ենք հստակ նշաններ, որ դա հնարավոր է»,- պնդել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը նախագահի կաբինետի նիստի ժամանակ։

Ըստ Ուիթքոֆի՝ «Վաշինգտոնի առաջարկները լավ են ընդունվել Թեհրանի կողմից»։ «Իրանը ելքեր է փնտրում ստեղծված իրավիճակից՝ շաբաթ օրը Ձեր հնչեցրած լուրջ սպառնալիքից հետո»,- ասել է Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հատուկ բանագնացը նկատի է ունեցել այն վերջնագրերը, որոնք ամերիկյան առաջնորդը ներկայացրել էր Իրանի կառավարությանը՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի հետ կապված։ «Եթե գործարքը կնքվի, դա հիանալի կլինի Իրանի, տարածաշրջանի և ընդհանուր առմամբ աշխարհի համար»,- հավելել է Ուիթքոֆը։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ գործողությունը սկսել են փետրվարի 28-ին։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են Իրանից բխող իբր հրթիռային և միջուկային սպառնալիքներով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարությունը բացահայտ կոչ է արել Իրանի բնակչությանը՝ դուրս գալ սեփական կառավարության դեմ և զավթել իշխանությունը։ Հարվածների հետևանքով զոհվել են Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։ Իրանը պատասխան գործողություններ է սկսել Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների դեմ Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։