Լրահոս
Միջազգային
20:45
21.03.26
187

Իսրայելը խաղաղություն չի ուզում, նպատակը Իրանին առավելագույն վնաս հասցնելն է. Հաքան Ֆիդան

Img default alt hy

Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմը, ներկայիս գնահատականներով, կարող է տևել ևս 2-3 շաբաթ, և դրա դադարեցման առանցքային գործոնը ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Այս մասին թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջայցի արդյունքները։

«Կանխատեսումներ են հնչում, որ Պարսից ծոցի երկրներում պատերազմը կտևի ևս 2-3 շաբաթ։ Իհարկե, այստեղ վճռորոշ գործոն կդառնա ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Իսրայելն իր հերթին կփորձի ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և խոչընդոտել հրադադարի մասին համաձայնության հասնելուն կամ խաղաղության շուտափույթ կնքմանը։ Էլ ավելի հաճախ են հնչում ենթադրություններ ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, և դա կարող է հանգեցնել պատերազմի ձգձգմանը»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը։

Նա նաև հավելել է, որ «քանի դեռ պատերազմը շարունակվում է, բանակցությունների հնարավորությունը քիչ հավանական է թվում»։ Թեև, ըստ նրա, չպետք է բացառել կարճաժամկետ հրադադարը՝ պարզելու համար, թե արդյոք բանակցային գործընթացը հեռանկարներ ունի։ «Խնդիրն այն չէ, որ պատերազմի դադարեցման ծրագրեր չկան։ Խնդիրն այն է, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում»,- հավելել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Իսրայելը կարող է վարել պատերազմը հնարավորինս ձգձգելու քաղաքականություն, որպեսզի Իրանին ավելի մեծ վնաս հասցնի։ «ԱՄՆ-ի արձագանքը նման մոտեցմանը կլինի վճռորոշ։ Իսրայելը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կանգ չի առնի, քանի դեռ չի ոչնչացրել իր համար կարևոր ռազմական և արդյունաբերական օբյեկտները։ Մահափորձերը [իրանցի քաղաքական գործիչների նկատմամբ] շարունակվում են։ Իսրայելն է սկսել այս պատերազմը, և մենք ընդգծում ենք այդ փաստը ամենուր և ամեն առիթով»,- նշել է Ֆիդանը։

Ինչպես նկատել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ «Թուրքիայի առաջարկած լուծման ուղիները, ըստ էության, կայունության ձգտում են, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից»։ «Բայց երբ կողմերը օգուտը, հաղթանակը կամ գերիշխանությունը վեր են դասում կայունությունից, իրավիճակը փոխվում է։ Այդ դեպքում երկխոսությունն ընթանում է պարզապես խոսելու համար, և հիմնական օրակարգի կենտրոնացումը շեղվում է»,- ասել է Ֆիդանը։