Լրահոս
Միջազգային
23:45
21.03.26
228

Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների սկիզբը ցույց տվեց Թրամփի վրա արտաքին ճնշումների ազդեցությունը․ Bloomberg

Img default alt hy

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների սկիզբը ցույց տվեց ամերիկյան վարչակազմի անկարողությունը՝ դիմակայելու այն արտաքին ճնշումներին, որոնք գործադրվում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ նրանց թվում, ովքեր մասնավոր կարգով դրդել են Թրամփին հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը, եղել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և պահպանողական հայացքներ ունեցող մեդիա դեմքեր։ Աղբյուրը նշում է, որ Մերդոկը մի քանի անգամ կապ է հաստատել Թրամփի հետ և հորդորել հարձակվել Իրանի վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, ավելի զուսպ դիրքորոշում են ունեցել, սակայն նրա օգնականներից քչերն են համարձակվել առարկել նախագահին։

Թրամփը նաև պնդում է, որ ռազմական գործողությունների դադարեցման որոշումը կախված է միայն իրենից։ Bloomberg-ը նշում է, որ նման հայտարարությունները փաստում են, թե որքան թույլ դիմադրության է նա հանդիպում իր թիմի կողմից նույնիսկ այն իրավիճակներում, երբ դրժվում են նրա նախընտրական առանցքային խոստումները, օրինակ՝ հրաժարումը արտերկրում պատերազմներին մասնակցելուց։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենտը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ առանցքային որոշումները կայացվել են անձանց նեղ շրջանակի կողմից՝ Իսրայելի ազդեցությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրամփի շուրջ ստեղծվել է ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների, իսրայելցի պաշտոնյաների և հովանավորների մի «էկոհամակարգ», որոնք համոզել են ամերիկյան առաջնորդին, որ Իրանին չի կարելի թույլ տալ հարստացնել ուրանը։