Լրահոս
Տարածաշրջան
15:40
24.03.26
243

Իրանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել

Img default alt hy

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլգադրը. հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի գծով փոխղեկավար Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբաին:

«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլգադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբաին:

Լարիջանին, որի փոխարեն նշանակվել է նոր քաղաքական գործիչը, զոհվել էր մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։

Զոլգադրը զբաղեցնում էր Իրանի բարձրագույն խորհրդակցական մարմնի՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նա նաև նախկին զինվորական է. հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ), ինչպես նաև եղել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Թեհրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմաքաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլրահիմ Մուսավին, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։