Լրահոս
Հասարակական
22:55
27.10.19
77

Հոկտեմբերի 27. մեծ ողբերգությունն ու քաղաքական առեւտրականները

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20 տարին: 99-ի այս օրը, ժամը 17-ն անց 15-ին՝ խորհրդարանի վրա հարձակված հանցախումբը սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու ևս 6 պետական-քաղաքական գործչի: Հայաստանը նրանց հիշում է անուն առ անուն: Այսօր եւ միշտ...
Աննախադեպ ոճրագործության 20-րդ տարելիցին ընդառաջ պայթեց մի սենսացիոն լուր, թե ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որ դատապարտված է ցմահ ազատազրկման՝՝ խնդրել է իրեն վաղաժամ ազատ արձակել: Նրա դիմումն այժմ ընթացքի մեջ է:
Բայց այն ինչ հաջորդեց այս կարճ հաղորդագրությանը, հասարակության համար ավելի շոկային էր: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երկու ժամ անցկացրեց ահաբեկչի հետ: Հետո աջուձախ պատմեց՝ արթուն մտքով մեկն է Նաիրին ու շատ կարեւոր ասելիք ունի: Պատգամավորի գնահատմամբ, ադեկվատ Նաիրին, սակայն, ունենում է մտքի մթագնումներ:
Ահաբեկչության զոհերի հարազատների արձագանքը զգայուն էր, բայցեւ շատ սթափ: Այդ ի՜նչ քաղաքական խառնակչություն է նախապատրաստվում ոճրագործի ձեռքով: Ահաբեկիչը քաղաքական խաղի մեջ մտնելու, քաղաքական գործոն դառնալու համար՝ ինչ ասես կարող է դուրս տալ: Բայց իրենց ճշմարտությունն է պետք եւ ոչ թե բարբաջանք:
Մեկ նախադասությամբ ու Վանո Սիրադեղյանի գրական ոճով՝ նրանք ահաբեկչին ու ահաբեկչի հետ գործարքի հույս փայփայողներին ասացին Ձեռքներդ ետ տարեք ցավի վրայից:
Գործարքի՛ մասին: Նաիրի Հունանյանի ազատության խնդրագրի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, կանխատեսումներ եղան, որ նրան փորձ է արվում քաղաքական առևտրի մեջ ներքաշել: Ցանկալի ցուցմունքներ նոր իշխանության հակահերոսների դեմ՝՝ ազատության խայծի դիմաց:
Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրի Հունանյանին նախաքննության հետ համագործակցելու թափանցիկ ակնարկներ է անում գրեթե ամեն օր: Ըստ էության, հասատելով, հնարավոր գործարքի մասին կարծիքները:
Անդրանիկ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով: Նա հենց ողբերգության օրը մեծ ցանկություն էր հայտնել դառնալ փոխվարչապետ: Ահա պատմական ցուցակը՝ ըստ որի իրեն Վազգեն Սարգսյանի մերձավորագույն ընկեր համարող Ադրանիկ Քոչարյանը իր համար համակարգող նախարարի, այսինքն՝ փոխվարչապետի, աթոռն էր ընտրել:
Հոկտեմբերի 27-ին, քաղաքական առաջին դեմքերի սպանությունը գրեթե միշտ եղել է քաղաքական շահարկումների թեմա: Տարբեր մարդկանց շուրջ հյուսվող միֆերի անսպառ աղբյուր: Այսօր, առավել քան երբևէ: