Լրահոս
Միջազգային
17:30
07.03.26
103

Հունգարիան կպարզի, թե ինչու են ուկրաինացիները երկիր ներկրել միլիոնավոր դոլարների և եվրոյի կանխիկ գումար․ Օրբան

Img default alt hy

Հունգարիայի կառավարությունը կպարզի, թե ինչ նպատակներով են ուկրաինական պետական «Օշչադբանկի» աշխատակիցները տասնյակ միլիոնավոր դոլարների և եվրոյի կանխիկ գումար ներկրել Հունգարիայի տարածք և ում համար էին նախատեսված այդ միջոցները։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Դեբրեցենում իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ցանկանում ենք իմանալ, թե ուկրաինացիներն ինչ են անում այդ ողջ գումարների հետ Հունգարիայում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ինքն «այդ առումով որոշակի կասկածներ ունի»։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որոշ հունգարական կուսակցություններ» ֆինանսական առումով իրենց հիանալի են զգում, թեև հայտնի է, որ իրենց բոլոր միջոցները չէ, որ ստանում են անհատական նվիրատվությունների հաշվին։

Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները բացահայտորեն աջակցում են ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը, որը հանդիսանում է «ՖԻԴԵՍ»-ի գլխավոր մրցակիցը ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Հունգարիայի օրենքներով քաղաքական կուսակցությունների օտարերկրյա ֆինանսավորումը համարվում է քրեական հանցագործություն։

«Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են այդ փողերը հայտնվում այդ գրպաններում։ Մենք փնտրելու ենք այս հարցի պատասխանը և կգտնենք այն»,- զգուշացրել է Օրբանը, որի ելույթը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով։